ԼՂ–ում հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո 5 խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

21:55     21 սեպտեմբերի, 2023

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունից ի վեր հրադադարի 5 խախտում է արձանագրվել: Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: 

«Խախտումներն արձանագրվել են Շուշիի (երկու) և Մարտակերտի (երեք) շրջաններում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տվյալ փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,-ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Պահպանվում է Ստեփանակերտի և Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը, որն ուղղված է արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից նաև հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 1340 խաղաղ բնակիչ կա, այդ թվում ՝ 607 երեխա, որոնք իրենց տները վերադառնալու հնարավորություն չունեն: Նրանց ապահովել են կացարանով, սննդով և ցուցաբերել են բժշկական օգնություն։

 


© armedia.am