ԼՂ-ում խաղաղապահ առաքելության ընթացքում 6 զինվորական է զոհվել. ՌԴ դեսպանություն

00:10     22 սեպտեմբերի, 2023

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու ընթացքում զոհվել է 6 զինծառայող, ևս մի քանի մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս հայտարարությունը տարածել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 

«Ծայրահեղ բարդ իրավիճակում խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և ակտիվ ջանքեր են գործադրում, այդ թվում՝ կյանքի համար վտանգավոր, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Դեսպանությունը հիշեցնում է, որ մարտական գործողությունների ընթացքում խաղաղապահ զորախմբի ուժերով կազմակերպվել է ամենավտանգավոր շրջաններից խաղաղ բնակիչների տարհանում, տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել՝ նրանց տեղակայելով բազային ճամբարում և առանձին դիտակետերում:

«Միայն երեկ ավելի քան 8 հազար քաղաքացու է օգնություն տրամադրվել` ներառյալ սննդի և հանգստի վայրերի ապահովումը», - հստակեցրել է դիվանագիտական ներկայացուցչությունը:

Հայտարարության մեջ նաև արձանագրվում է, որ հակամարտության սրման պահից ի վեր խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել իրավիճակի թուլացման համար, ինչի արդյունքում հաջողվել է ռազմական գործողությունների դադարեցման և ղարաբաղյան ու ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։

«Դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում ռուսական խաղաղապահ զորակազմի զոհված և տուժած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին, որոնք տեղակայման առաջին իսկ օրվանից իրականացնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված գործնական աջակցություն ցուցաբերելու բարդ խնդիրներ», - նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում:

 


© armedia.am