ՌԴ խաղաղապահներն Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում են արձանագրել

22:12     22 սեպտեմբերի, 2023

Մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածության ձեռքբերումից ի վեր Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական ԼՂ ներկայացուցիչների և ադրբեջանական կողմի հետ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,– ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Պահպանվում է Ստեփանակերտի և Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ արյունահեղության կանխման, անվտանգության ապահովման և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման ուղղությամբ։

Ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո սկսվել է ԼՂ զինված կազմավորումների կողմից սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը:

Այսօրվա դրությամբ հանձնվել է վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 5000 ռազմամթերք:

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ղարաբաղի խաղաղ բնակչության համար մարդասիրական բեռների առաքումը Լաչինի միջանցքով և Ակնայի (Աղդամ) ճանապարհով։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 50 տոննա պարենային ապրանք։

Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում շարունակում է մնալ 826 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 440 երեխա, որոնք այս պահին հնարավորություն չունեն վերադառնալ իրենց բնակավայրեր:

Զորախմբի կողմից կազմակերպվել է նրանց տեղափոխումը, սննդով ապահովումն ու բժշկական օգնության տրամադրումը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 

 


© armedia.am