Դուբլինում Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ընթացող նիստի ժամանակ մի խումբ հայ և իռլանդացի երիտասարդներ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել: Այս մասին հայտնում է Aysor-ը:
Նրանք հանդես են եկել «Ամոթ Ադրբեջանին», «Թուրքիան և Ադրբեջանը ցեղասպան են», «Կանգնեցրեք ցեղասպանությունը», «Մենք Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին ենք» վանկարկումներով:
Երիտասարդները տևական ժամանակ մնացել են այնտեղ, համաժողովին մասնակցող պատվիրակներից շատերը դուրս են եկել նիստից և հեռվից լուսանկարել նրանց:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել և զրուցել է երիտասարդների հետ. նրանք ընդգծել են, որ Հայաստանի կառավարության, Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին են:
Երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնել բռնի տարհանվող մեր հայրենակիցներին՝ նշելով, որ ցանկանում են գրավել միջազգային հանրությունը ներկայացնող խորհրդարանների նախագահների ուշադրությունը։