Պակիստանում ցուցարաները դուրս են եկել Լահորի փողոցները` մահ պահանջելով Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարիչների համար: Նրանց մեջ են եղել նաև պակիստանյան քիչ հայտնի կրոնական խմբից 300 հոգի, որոնք կախաղան էին տանում և պահանջում կախաղան հանել Մուհամեդ մարգարեին նկարող նկարիչներին:
Իսկ Պակիստանի խորհրդարանականներն էլ բողոքի ցույց են կազմակերպել Իսլամաբադում, խորհրդարանի մոտ և իրենց վրդովմունքը հայտնել ֆրանսիական ամսագրի նոր համարի կապակցությամբ, որի կազմի վրա նկարված է Մուհամեդ մարգարեն: Կրոնական հարցերով նախարար Սարդար Մուհամեդ Յուսուֆը հայտարարել է, որ պակիստանցի քաղաքական գործիչներն արդեն ամսագրի հրատարակումը դատապարտող բանաձև են ընդունել, տեղեկացնում է Huffington Post-ը: Միևնույն ժամանակ Պակիստանը, այլ երկրների նման, դատապարտել է հումորային ամսագրի խմբագրությունում կատարաված դաժան ահաբեկչությունը:
Իսկ Հնդկաստանի խոշոր քաղաքներից մեկի` Հայդերաբադի մոլլա Մաուլանա Մուհամեդ Նասիրուդդինը աղոթել է Փարիզում զոհված ահաբեկիչների հոգիների համար և կոչ արել նոր հարձակումների, հաղորդում է OpIndia պարբերականը: Ի դեպ, սա այն մոլլան է, որը 2011թ.-ին Ուսամա բեն Լադենի հոգեհանգստի արարողությունն էր կատարել:
«Մեր կյանքն անիմաստ է, եթե մարգարեին վիրավորողը դեռ կենդանի է», - քարոզի ժամանակ ասել է մոլլան: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Նասիրուդդինը հաստատել է, որ հավանություն է տալիս Ֆրանսիայում կատարված ահաբեկչական գործողություններին, քանի որ հենց մարգարեն է հրամայել սպանել նրանց, ովքեր ծաղրում են իսլամը և Ալլահին, և յուրաքանչյուր մուսուլման պետք է հետևի, որ ոչ մի սրբապիղծ անպատիժ չմնա:
Եվ սա միակ դեպքը չէ: Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգի նախկին նախարար Հաջի Յակուբ Քուրեշին էլ հունվարի 8-ին լրագրողներին սպանողներին խոստացել է 510 հազար ռուփի պարգև (դա մոտ 8 հազար դոլար է), սակայն պայմանով, որ իրենք անձամբ գան պարգևի հետևից: Դրանից առաջ էլ Քուրեշին հայտարարել էր, որ դրամական պարգև կտա Մուհամեդ մարգարեին նկարող հոլանդացի ծաղրանկարիչների գլուխների համար: