Ռուսաստանը հեռանկարներ չունի մասնակցելու G7-ի գագաթաժողովին. Մերկել

01:58     19 հունվարի, 2015

Ռուսաստանի Դաշնությունը ներկայումս չունի հեռանկարներ մասնակցելու 2015-ի հունիսին Գերմանիայում անցկացվելիք Մեծ յոթնյակի (G7) գագաթաժողովին: Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Կանցլերն իր այս մոտեցումը բացատրել է այն հանգամանքով, որ Մեծ յոթնյակը (իսկ նախկինում՝ Մեծ ութնյակը ՌԴ մասնակցությամբ) ընկալվում էր որպես «միասնական արժեհամակարգ ունեցող հանրույթ»: Իսկ ներկայումս՝ հատկապես Ղրիմը Ռուսաստանին միացնելուց և Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Ռուսաստանը լրջորեն նահանջել է «Յոթնյակի» համընդհանուր համոզմունքներից, վստահեցրել է Մերկելը:

Հարցազրույցի ընթացքում Մերկելն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների խնդրին՝ կարծիք հայտնելով, որ «դրանք ինքնանպատակ չեն, եւ պատճառները, որոնց արդյունքում սահմանվել են, դեռ վերացված չեն»: «Միայն պատճառների չեզոքացումից հետո կկարողանանք վերացնել պատժամիջոցները», - նշել է Մերկելը: Եվ այս հարցում էլ, Մերկելի կարծիքով, բանալին գտնվում է ռուսական կողմի ձեռքում:

Գերմանիայի կանցլեր Մերկելը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ Գերմանիան շահագրգռված չէ ՌԴ տնտեսական անկայունությամբ, սակայն առաջին քայլը հենց ռուսները պիտի անեն: «ՌԴ տնտեսական անկայունությունը մեր շահերի շրջանակում չէ: Այն մեզ համար նպատակ չի հանդիսանում», - նշել է կանցլերը: 


© armedia.am