Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մամուլի ասուլիս է տվել Գյումրիի քաղաքապետարանում: Նա նշել է, որ մեկնել էր Գլենդել՝ Գյումրիի և Գլենդելի միջև քույր քաղաքների մասին հուշագիր ստորագրելու համար: «Գյումրիի պատվիրակությունը կայցելի վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին, միգուցե ես գնամ, եթե ժամանակ ունենամ», - Բալասանյանի խոսքերը մեջբերում էCivilnet-ը:
«Մենք ամեն ինչ անում ենք և անելու ենք, որ հավաքներն անցնեն օրենքի շրջանակում: Բոլորը պետք է կարողանան զգոն կանգնել ժողովրդի կողքին, քանի որ կան սադրիչներ, որոնք ժողովրդին կարող են տանել սխալ ուղղությամբ, ինչպես տեղի ունեցավ երեկ: Ես` որպես Գյումրիի քաղաքապետ, պատասխանատու եմ իմ քաղաքացիների համար, ես իմ քաղաքը շատ եմ սիրում: Ես կոչ կանեի իմ քաղաքացիներին ցուցաբերել զսպվածություն, հանդարտություն և բոլոր հավաքներն անել օրենքի շրջանակում: Չի կարող լինել այնպես, ինչպես եղավ երեկ: Դա գյումրեցու թասիբին դեմ է», - ասել է Գյումրիի քաղաքապետը:
«Հանցագործը դավանանք, ազգություն չունի: Այստեղ պետք չի ասել ռուս կամ հայ: Կարող է՝ դեպքը աներ վրացի: Պետք չէ այս սեղանի վրա դնել հայ-ռուսական հարաբերությունները: Մեր պահանջն այն է, որ Պերմյակովը մնա Հայաստանում և դատվի ՀՀ դատարանով: Նա պետք է խիստ պատժվի», - ընդգծել է Բալասանյանը: