ՉԺՀ քաղաքական էլիտան լրջորեն մտահոգված է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով, և դրանց հիման վրա փոխում է իր քաղաքական ուղենիշը: Դրա մասին առաջին անգամ խոսվեց նոյեմբերի 29-ին Պեկինում տեղի ունեցած արտաքին գործերի հարցերով կենտրոնական աշախատանքային խորհրդակցության ժամանակ, որին ներկա էր Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար, ՉԺՀ նախագահ, Կենտրոնական զինվորական խորհրդի նախագահ Սի Ծինփինը: Իր երլույթում նա ընդգծեց, որ անհրաժեշտ է հետևել ներքին ու արտաքին իրավիճակին, խթանել զարգացումը և ապահովել երկրի անվտանգությունը:
Ինչպես հետևում է խորհրդակցության արդյունքներից, Պեկինը զգալի ուղղումներ է մտցրել չինական արտաքին քաղաքականության աշխարհաքաղաքական առաջնահերթություններում: Մասնավորապես, հաշվի առնելով ԱՄՆ ակտիվությունը աշխարհում «գունավոր հեղափոխությունների» տարածման հարցում, այդ թվում` Հոնկոնգում «հովանոցների հեղափոխության», Ռուսաստանի նկատմամբ անհիմն պատժամիջոցների կիրառումը, էական ուղղումներ են մտցվում ԱՄՆ-ի և Եվրամիության հետ փոխհարաբերություններում` չնայած շատ ոլորտներում դրանց բավականին հագեցած բնույթին:
Բացի այդ, արտաքին քաղաքական հայեցակարգի փոփոխման վրա ազդել է նաև Վաշինգտոնի և Բրյուսելի ձգտումը` Պեկինի վրա միջազգային ճնշման հարցում օգտագործել մարդու իրավունքների վիճակի քննադատությունը, Դալայ-լամայի անձի օգտագործումը, Տրանսատլանտյան գործընկերության ստեղծումը առանց ՉԺՀ շահերը հաշվի առնելու և այլն:
Այս պայմաններում Պեկինը բավականին էական շրջադարձ է կատարում դեպի ռազմավարական համագործակցության զարգացում ու ամրապնդում առաջին հերթին Ռուսաստանի, ինչպես նաև Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի հետ, այնուհետև Ինդոնեզիայի, Մեքսիկայի, իր հարևաններ Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Վիետնամի և Ֆիլիպինների հետ: