Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները բաժանել են Ֆրանսիան

14:57     19 հունվարի, 2015

Ֆրանսիական IFOP հասարակական կարծիքի հարցման ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ երկրի բնակչության 42%-ը վստահ է, որ լրագրողները պետք է հարգեն մուսուլմանների կարծիքը և ձերծ մնան Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից: Այս մարդիկ նաև հայտարարել են, որ կողմ են համացանցում և սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակմանը, հայտնում է newsru.co.il-ը՝ հղում անելով AFP-ին:
Միաժամանակ հարցվածների 57%-ը կարծում է, որ մուսուլմանների բողոքը չպետք է կանգնեցնի ծաղրանկարներին, իսկ հարցվածների 81%-ը պահանջում է ֆրանսիական քաղաքացիությունից զրկել այն բոլոր ահաբեկիչներին, ովքեր երկակի քաղաքացիություն ունեն: Ֆրանսիացիների 68%-ը ցանկանում է արգելել այն քաղաքացիների մուտքը Ֆրանսիա, ովքեր այսօր Սիրիայում, Իրաքում և այլ երկրներում կռվում են ջիհադիստների օգտին: Գրեթե նույնքան մարդ էլ պահանջում է արգելել Ֆրանսիայից պոտենցիալ «ջիհադի զինվորների» ելքը: Ֆրանսիացիների 57%-ն էլ արտահայտվել Լիբիայում, Սիրիայում և Եմենում ֆրանսիական բանակի գործողությունների դեմ: 
Ֆրանսիան և եվրոպական մի շարք այլ երկրներ վերջին ահաբեկչությունների համապատկերի վրա խստացրել են ահաբեկչության դեմ պայքարին առնչվող իրենց օրենքները: Մի շարք միջոցներ թույլ են տալիս քաղաքացիությունից զրկել ահաբեկչության համար դատապարտված անձանց: Միաժամանակ օրերս հայտնի է դարձել, որ ֆրանսիական «Շարլի էբդո» շաբաթաթերթի տպաքանակը բարձր պահանջարկի պատճառով ավելացվելու է՝ հասնելով 7 միլիոնի, հայտնում է Interfax-ը: Մուհամեդ մարգարեի ծաղրանկարող շաբաթաթերթի հերթական համարը վաճառվել է 3 միլիոն տպաքանակով, այնուհետև այն հասցվել է 5 միլիոնի: 
Ողջ աշխարհում ակտիվացել են իսլամիստները, ովքեր ահաբեկչություններ են իրականացնում և բողոքում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման դեմ: Նիգերում Charlie Hebdo շաբաթաթերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ բողոքողներն առնվազն 8 եկեղեցի են այրել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Sputnik գործակալության տվյալներով նրանց մեծ մասը քրիստոնեական են: Բացի եկեղեցիներից, ցուցարաները այրել են մի շարք խանութներ, հարձակվել ոստիկանական տեղամասի վրա, որտեղ երկու մեքենա են այրել, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելովReuters-ին: Ինչպես նաև վնասվել են մի շարք սրճարաններ, հյուրանոցներ և ֆրանսիական ընկերություններ: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Նշվում է 3 զոհերի մասին:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը քննադատել է Նիգերի ահաբեկչությունը: Իր հերթին, երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ խոսքի ազատության թեման «քննարկման ենթական չէ»:


© armedia.am