Այս շաբաթ կմեկնարկի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը

17:17     19 հունվարի, 2015

 "Անորոշությունն ու բարդությունն ունակ են վերջ դնելու դեռևս 1989թ.-ից սկսված միջազգային համագործակցության ու տնտեսական ինտեգրացիայի դարաշրջանին": Այսպիսի մարտահրավեր է տեսնում Դավոսի միջազգային տնտեսական ֆորումն այս տարի:

 Հունվարի 21-24-ը շվեյցարական Դավոսում տեղի կունենա ամենամյա տնտեսական ֆորումը: Առանցքային թեմաներն են` երկրների միջև աճող ռազմավարական մրցակցությունը, աշխարհաքաղաքական պայքարը, պետական ինստիտուտների և հասարակության միջև վստահության անկումը, երիտասարդության շրջանում աճող գործազրկությունը, եկամուտների անհավասար բաշխումը և այլն: Այս տարվա համաժողովը հատկանշական է համանախագահների միջև ռասսայական հավասարակշռության պահպանմամբ: 

Շվեյցարիայում անցկացվող տնտեսական համաժողովից սպասումներն իրականում ավելի մեծ են, քան երբևէ: Դրան, հավանաբար նպաստում են աշխարհում ստեղծված քաղաքական անկայուն վիճակն ու հատկապես կրոնական հիմքով վերջին բախումները: Դրա վկայություններից է, օրինակ համաժողովի նախօրեին Oxfam բարեգործական կազակերպության կողմից կատարված հետազոտության արդյունքների ամփոփումը: Վերջինիս համաձայն, համաշխարհային ունեցվածքը գնալով կենտրոնանում է "փոքրիկ հարուստ վերնախավի ձեռքում", փոխանցում է The Independent-ը:
Հիշեցնենք, որ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը ոչ կառավարական կազմակերպություն է, որն ամեն տարի կազմակերպում է գործարարների, քաղաքական առաջնորդների, հասարակական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հանդիպում: Ավանդույթի համաձայն, հանդիպումներն անց են կացվում հունվար ամսին Շվեյցարայի Դավոս քաղաքում:
Կազմակերպության հիմնադիրն է Կլաուս Շվաբը: 
Համաժողովն առաջին անգամ կայացել է 1971թ.` քննարկումների հիմքում ունենալով մենեջմենթի հետ կապված հարցեր: Սակայն համաժողովում քննարկվող հարցերի շրջանակն արագ ընդլայնվում է և արդեն 1974թ.-ից ներառում է քաղաքական խնդիրներ: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը չի մասնակցել համաժողովին: Այս տարվա մասնակցությանն, ինչպես նաև համաժողովի արդյունքներին "Արմեդիա" ՏՎԳ դեռ կանդրադառնա:
Այս տարվա հանդիպման ընթացքում քննարկելիք հարցերի համախումբն ուղղակի արտացոլում է համաշխարհային ներկա վիճակը: Իսկ հանդիպումից սպասումները կառավարական օրգանների նկատմամբ վստահության պակասի, ինչպես նաև օրհասական խնդիրներին այլընտրանքային լուծումներ գտնելու անհրաժեշտությունն է:

 


© armedia.am