Թուրքիայում գործող քրդամետ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (Peoples’ Democratic Party) ղեկավար Սալահադդին Դեմիրթասը հայտարարել է, որ եթե անգամ քրդական հարցի շուրջ բանակցություններն իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հետ շարունակվեն 50 տարի, դժվար կլինի մշտական խաղաղություն հաստատել ԱԶԿ-ի կառավարության հետ, որը ժողովրդավարության հետադիմական ընկալում ունի: «Ակնկալել, որ 100 տարի շարունակվող քրդական հարցի և ժողովրդավարության խնդրի լուծումը հնարավոր կլինի 3 կամ 4 ամսվա ընթացքում, երևակայական կլինի», - Սալահադդին Դեմիրթասի խոսքերը մեջբերում է Hurriyet Daily News-ը:
Միաժամանակ վերջինս մեղադրել է թուրքական կառավարությանը քրդական շրջաններում լարվածության քաղաքականություն իրականացնելու մեջ: «Կառավարությունում ներդրված ուժեր կան, որոնք փորձում են խափանել խաղաղ գործընթացը: Սակայն այս ուժերը չեն ձևավորվել առանց կառավարության գիտության: Կառավարությունը ցանկանում է հաղորդագրություն ուղարկել, որ կարող է այդ ուժերին պահել որպես սուր հանրության գլխավերևում, որը կարող է օգտագործվել, երբ կառավարությունը ցանկանա», - ասել է քուրդ գործիչը:
Հիշեցնենք, որ Քրդստանի Աշխատավորական Կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 2014 թվականի վերջին հայտարարեց, որ քրդերի խնդիրը Թուրքիայում կարող է ամբողջությամբ լուծվել 4-5 ամիսների ընթացքում, եթե կողմերը կատարեն իրենց խոստումներ, հայտնում է РИА Новости-ն: «Եթե կարգավորման դրույթները, որոնք համաձայնեցվել են կողմերի միջև, խստորեն իրականացվեն, ապա առավելագույնը 4-5 ամիսների ընթացքում ժողովրդավարական որոշում կկայացվի, որը կսահմանի Մերձավոր Արևելքի ճակատագիրը: Եթե վճռականությունը բավարար չլինի, ապա դա կխորացնի քաոսը տարածաշրջանում և կհանգեցնի նոր բախումների», - ասվում է Օջալանի հայտարարության մեջ:
Բացի այդ, ինչպես հայտնում է Today’s Zaman-ը, Օջալանը պնդում է իրավական երաշխիքների անհրաժեշտության վրա, որոնք կապահովեն քրդական խնդրի կարգավորման գործընթացը: Նշենք, որ թուրքական կառավարությունը երկու տարի առաջ Օջալանի հետ սկսեց բանակցային գործընթացը, սակայն այն գաղտնի բնույթ էր կրում: Եվ հիմա Օջալանը հայտարարում է, որ իրավական երաշխիքներն անհրաժեշտ են գործընթացի պաշտպանության համար: PKK-ի առաջնորդը նաև նշել է, որ սխալ է վարվել, երբ կոչ է արել իր կազմակերպության անդամներին զենքը վայր դնել և հեռանալ երկրից, քանի որ այդ հայտարարությունն արվել է առանց իրավական երաշխիքներ ստանալու:
Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ պատրաստվում են վերսկսել բանակցությունները Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) հետ: Վերջերս Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Թուրքիայում ապրող տարբեր համայնքներ գոհ են կառավարության քաղաքական համակարգից»: «Վերջին 12 տարվա ընթացքում մենք ընդառաջել ենք մարդկանց ցանկություններին, փոխել ենք կրթական համակարգը, քրդական լեզուն թուրքերենի հետ օգտագործվել է կրթական հաստատություններում», - ասել է Դավութօղլուն: