Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հայերին նոր սկզբի հիմքեր դնել, հայտնում է news.am-ը:Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված ուղերձում նշել է. «Արդեն 8 տարի է, ինչ մեզ հետ չէ Հրանտ Դինքը, ով փորձում էր իր զգացումներով և մտքերով լուսավորել Օսմանյան կայսրությունից Թուրքիայի հանրապետությանն անցած կարևոր խնդիրներից մեկը։
Դինքի հարգարժան ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սիրում են Դինքին, համբերություն ենք մաղթում։ Հրանտ Դինքը Անատոլիայի թանկարժեք մի մտավորական էր, ով ճանապարհներ էր փնտրում հայերի և թուրքերի համատեղ ապագան կառուցելու համար։ Այս համատեքստում, հայ-թուրքական բարեկամությանը հավատացող բոլորին հրավիրում ենք նոր սկզբի համար աջակցություն ցույց տալ և ուզում ենք դիմել բոլոր հայերին. Թուրքիան նախկինում էլ հայտարարել էր, որ պատերազմի պայմաններում ստիպված է եղել կիրառել պարտադիր գաղթի քաղաքականություն, որի պատճառով ոչ մարդկային հետևանքներ էին եղել։ Թուրքիան կիսում է հայերի ցավը ու վճռական ջանքեր գործադրում երկու ժողովուրդների միջև կրկին զգացմունքային կապեր ստեղծելու համար։ Մեր հարաբերությունները պատանդ վերցրած թշնամանքը հաղթահարելու համար և գլխավորապես երկխոսության միջոցով շարժվելու անհրաժեշտության մասին ամենավճռական արտահայտությունը 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձն է։ Ժամանակը, որ կանգ է առել 1915-ին, կշարունակվի, երբ մեծ տրամվան հետևում թողնելու ճանապարհով տաբուները քանդվեն։ Թուրքիան իր անունից այդ կետը հաղթահարել է։ Հնարավոր է, որ երկու տեղաբնիկ ժողովուրդներ հասնեն միմյանց հասկանալու և միասին ապագային նայելու հասունությանը։ Մի աշխարհագրական վայրում ապրող և երկար ժամանակ պատմությունը կիսող հայերը և թուրքերը բոլոր հարցերը միայն իրար մեջ կարող են խոսել, լուծման ճանապարհներն էլ միասին կարող են փնտրել։ Այս պատճառով անհրաժեշտ է, որ փոխադարձ վստահության և համագործակցության հասկացություն զարգացնենք, 800 տարվա համատեղ պատմության լույսի տակ միմյանց նորից ճանաչենք և մարդկային հարաբերությունների մեջ լինենք։ Դրա համար մեր հայ բարեկամներին հրավիրում ենք ավելի շատ այցելել Թուրքիա՝ փոխադարձ կարծրատիպերը վերացնելու համար։ Կիսել ցավերը, վիրակապել վերքերը և կրկին կարողանալ ստեղծել բարեկամություն։ Մեր անկեղծ ցանկությունը սա է»,-ասել է Դավութօղլուն։