Ադրբեջանի սանձարձակ պահվածքը չի կարող անպատասխան մնալ

10:36     23 հունվարի, 2015

Գյումրու իրադարձությունները երկրորդ պլան մղեցին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին աճող լարվածությունը: Արդեն մի քանի օր շարունակ հաղորդվում է սահմանին զոհվող զինծառայողների մասին: Հունվարի 3-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը շարունակ գնդակոծում են հայկական դիրքերը: Վերջին օրերի ընթացքում վիշտը ներխուժեց 3 հայ ընտանիքներ՝ զոհվեցին Արման Հարությունյանը, Սուրեն Փիլոսյանը և Նահապետ Ասատրյանը: Սա նշանակում է, որ շփման գծում փաստացի պատերազմ է: 
Չնայած կրակի դադարեցման մասին ստորագրված համաձայնագրին՝ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը՝ իրականացնելով հետախուզադիվերսիոն գործողություններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծելով հայկական դիրքերը: Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ադրբեջանը ՀՀ–ին, ԼՂՀ–ին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող փաստերն ամբողջովին աղավաղում է, իսկ այդ երկրի պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական տեղեկատվության հրապարակումը:
«Ադրբեջանի նախագահի` 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող:
Ընդ որում, Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող փաստերն ամբողջովին աղավաղելու, ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու հետ մեկտեղ, այդ պետության պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում բազմաթիվ անիմաստ մարդկային կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերվող տեղեկատվության հրապարակումը», - ասվում է ՀՀ ՊՆ տարածած հայտարարության մեջ: 
Ադրբեջանական կողմից զոհերի մասին տեղեկություններ չկան: Մի շարք վերլուծաբաններ և փորձագետներ սահմանին դիտվող լարվածությունը կապում են հունվարի 20-ի Բաքվի կոտորածների օրվա, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ: Այսպես, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Թուրքիայի հետ համատեղ ծրագիր է մշակվել, որպեսզի մեզ լարվածության մեջ պահեն։ Դա վերաբերում է նաև նրանց ռազմական ուժերին։ Սահմանին նրանք ունեն մասնագետներ, որոնք պատրաստվել են Կիպրոսում, Թուրքիայում, հատուկ ջոկատներ, որոնք պահում են այս լարվածությունը, և որպես հետևանք՝ սահմանին մենք արդեն այսքան զոհ ունենք»: 
Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ շփման գծում տիրող լարվածությամբ Թուրքիան փորձում է շեղել միջազգային հանրության և Հայաստանի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակից, և նման լարվածություն կարելի է ակնկալել ողջ տարվա ընթացքում: Սակայն, ինչպես հայտնի է, հայկական և ղարաբաղյան բանակների հրամատարությունն ավելի վաղ հայտարարել է, որ Ադրբեջանի նման սարձարձակ պահվածքը չի կարող անպատասխան մնալ: 
«2015թ. եթե հակառակորդը շարունակի լարվածություն պահպանել հայ-ադրբեջանական սահմանին, մեր զինված ուժերի գործողությունները նույն խիստ կերպով շարունակական կլինեն», - հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հակառակորդն իր որդեգրած գործողությունների ձևերից չի ուզում հրաժարվել: Անընդհատ լարվածություն են ուզում ստեղծել շփման գծում՝ չհասկանալով, որ հարցի լուծման հիմնական տարբերակը մենք տեսնում ենք միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, վստահության մթնոլորտում: Մենք ինքներս չենք ցանկացել լարվածություն ստեղծել»: Սեյրան Օհանյանի խոսքով՝ եթե միջազգային կառույցների խոսքն ազդեցություն չունի, միակ զսպման մեխանիզմը զինված ուժերի գործողություններն են. «Ի սեր Աստծո, եթե դուք չեք ուզում խաղաղություն, ապա մենք պարտադրված ենք պատասխանել, շատ դեպքերում անգամ խիստ պատասխաններ տալ»։
Հասկանալի է, որ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը լուռ չեն հետևելու իրենց զինծառայողների սպանությանը: Սակայն համարժեք պատասխանը նշանակում է, որ շփման գծում շարունակելու են մարդիկ զոհվել: Մի՞թե սա այն է, ինչ ցանկանում է պաշտոնական Ադրբեջանը, իսկ հիմա նաև՝ Թուրքիան: Կամ գուցե միայն ադրբեջանցիները տները մուտք գործող վիշտը կարող է սթափեցնել այս երկրի ղեկավարությանը և ստիպել նորովի նայել իր գործողություններին…


© armedia.am