Ադրբեջանի նախագահի այցը Բեռլին ուղեկցվել է իրավապաշտպանների ակտիվ ցույցերով: Ցուցարարներից մեկին անգամ հաջողվել է ներթափանցել Ալիևի և Մերկելի մամլո ասուլիսին, հայտնում է գերմանական «Deutsche Welle»-ն: Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, տեղեկանալով Ալիևի սպասվող այցի մասին, հանդես են եկել քննադատական հայտարարություններով, ինչպես նաև ցույց են կազմակերպել կանցլերի գերատեսչության շենքի դիմաց: «Մենք ակնկալում ենք, որ կանցլերը նախագահ Ալիևի հետ զրույցի ժամանակ կքննադատի Արդբեջանի կառավարության դաժան վարմունքն իր ընդդիմդիրների հանդեպ», - հայտարարել է Amnesty International կազմակերպության գերմանական թևի գլխավոր քարտուղար Սելմին Կալիսկանը: Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև HumanRights Watch-ի իրավապաշտպանները:
Բաքվի և Բեռլինի հարաբերությունների կարևորագույն թեմաներից մեկը Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրն է: Այս մասին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Ինչպես գրում է գերմանական ամսագիրը, Ալիևը փորձել է շրջանցել Մերկելի այս հայտարարությունը, սակայն գերմանացի լրագրողները պնդել են, որ Ալիևը մեկնաբանի այս խնդիրը: Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Ալիևին չի անհանգստացնում այն փաստը, որ մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը 160-րդ տեղն է զբաղեցենում: Ալիևը պատասխանել է, որ Ադրբեջանը խնդիր չունի մամուլի ազատության վարկանիշային աղյուսակի հետ, և բոլոր իրավունքներն ու ազատությունները երկրում պահպանվում են:
«Ադրբեջանում բազմաթիվ ամսագրեր են տպագրվում, գործում է անսահմանափակ և անարգել համացանցը, որից օգտվում է երկրի բնակչության 75 տոկոսը, գրաքննություն չկա, գործում է խաղաղ երթերի և հավաքների անցկացման իրավունքը, որոնք տեղի են ունենում առանց որևէ սահմանափակումների», - հավելել է Ալիևը:
Իր հերթին Գերմանիայի կանցլերը հիշեցրել է, որ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ է, և, հետևաբար, պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները, հավատարիմ լինել ժողովրդավարության և իրավական պետականության չափանիշներին: «Մենք կարծում ենք, որ մարդու իրավունքների ոլորտում դեպքեր կան, որոնք առաջ են բերում մեր քննադատությունը«, - ասել է Մերկելը՝ հիշեցնելով նաև, որ Գերմանիան շահագրգռված է, որ գերմանական հիմնադրամներն ու կազմակերպությունները կարողանան հուսալի իրավական հիմքի վրա աշխատել Ադրբեջանում: «Այս հարցերում մենք տարակարծիք ենք», - ընդգծել է Գերմանիայի կանցլերը:
Մերկելն ու Ալիևը նաև քննարկել են տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան ցանկանում է մասնակցել հակամարտության կարգավորմանը: Նրա խոսքերով իրենք Ադրբեջանի նախագահի հետ համակարծիք են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, գրում է newsru.com-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության կայքին: «Գերմանիան ձգտում է միջնորդ հանդիսանալ հակամարտության կարգավորման հարցում: Մենք կարծում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը, ԵՄ-ն կարող են այս ուղղությամբ նախաձեռնությամբ հանդես գալ, որոշակի ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում: Ադրբեջանն այս կապակցությամբ բանակցություններ կանցկացնի Եվրահանձնաժողովի հետ», - Մերկելի խոսքերը մեջբերում է Interfax-ը: