Այսօր աշխարհը նշում է Ձեռագրի օրը: Նպատակն է հիշեցնել մարդկանց ձեռագրի յուրահատկության և այն կիառելու անհրաժեշտության մասին, չէ որ յուրաքանչյուրի ձեռագիրն անկրկնելի է: Թերևս ոչ ոք չի վիճի այն հարցի շուրջ, որ նման օր տոնելու անհրաժեշտությունը ծագել է այն պատճառով, որ համակարգիչները, էլեկտրոնային փոստերը, էլեկտրոնային նոթատետրերը, հաղորդագրությունները և տեխնիկայի այլ նորամուծությունները գնալով ավելի են տարածվում: Դա, ցավալիորեն, մարդուն հեռացնում է սեփական ձեռագրով գրելու միջոցով սեփական կարծիքն արտահայտելու հնարավորությունից: Հնարավոր է՝ մոտ ապագայում ձեռքով գրված նամակը կամ բացիկը դառնան ցանկալի հնաոճ ձեռքբերում:
Ձեռագրի օրը նշելու նախաձեռնող է դարձել Գրենական պարագաների արտադրողների Ասոցացիան, որն էլ ամրագրել է հունվարի 23-ը՝ որպես Ձեռագրի օր, գրում է Calend-ը: Հետաքրքիր է, որ հունվարի 23-ին է ծնվել ամերիկացի հայտնի պետական գործիչ Ջոն Հենկոկը, ով առաջինն է իր ստորագրությունը դրել Անկախության հռչակագրի տակ:
Ձեռագրի զարգացումը հազարամյակների պատմություն ունի: Այս ողջ ընթացքում մարդիկ փորձել են այս կամ այն մարդու մասին պատկերացում կազմել նրա ձեռագրի միջոցով: Մարդու ձեռագրի և հոգևոր աշխարհի կապի մասին գրել է Արիստոտելը, ինչպես նաև Վերածննդի դարաշրջանի խոշոր գործիչներ, գրում է Rosbalt-ը:
Ժամանակակից գիտնականները մարդուն ձեռագրի միջոցով ճանաչելու 7 հիմնական բնութագրիչներ են առանձնացնում՝ տառերի չափը, նրանց թեքությունը և ձևը, ձեռագրի ուղղությունը, ճնշման ուժգնությունը, ուղղագրության բնույթը, ձեռագրի ընդհանուր գնահատականը: Մասնագետները կարծում են, որ ձեռագրի առանձնահատկությունների և մարդու բնավորության գծերի միջև անպայման պետք է կապ գոյություն ունենա, քանի որ մարդկային ուղեղը ենթագիտակլցորեն ուղղորդում է գրողի ձեռքը: Հենց ուղեղի աշխատանքով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ տարիքին զուգահեռ փոխվում է նաև մարդու ձեռագիրը: