ԻՊ-ի զինյալներն այրում են գրադարանները

11:31     23 հունվարի, 2015

"Իսլամական պետություն" ահաբեկչական խմբավորման զինյալները, որոնք իրենց վերհսկողությունն են հաստատել Սիրիայի և Իրաքի տարածքի զգայի մի հատվածի վրա, շարունակում են իրենց անմարդկային վայրագությունները: Նրանք ոնչացնում են տեղի եկեղեցիները, մզկիթները, գերեզմանատները և այլն: Kurdistan.ru կայքը հայտնում է, որ ԻՊ-ի ահաբեկիչները շարունակում են իրական քաոս առաջացնել Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում՝ ոչնչացնելով մշակութային և կրթական կենտրոնները: Վերջին շրջանում իսլամիստներն այրում են քաղաքային գրադարաններն ու գրախանութները: Մասնավորապես, 6 խոշոր գրադարան է այրվել: Նշվում է, որ զինյալները նախազգուշացրել են գրախանութների տերերին, որ այսուհետ գրական և գիտական ամսագրերի և գրքերի վաճառքը հարամ է համարվում, և թույլատրվում է միայն իսլամական գրքերի վաճառքը: Իսլամիստները նաև արգելել են արտասահմանյան գրականության վաճառքը: 
Սակայն սա դեռ ամենը չէ: "Իսլամական պետությունը" մտադիր է սեփական հեռուստաընկերությունն ունենալ: ԻՊ-ն նախատեսում է ամնեօրյա ռեժիմով եթեր դուրս գալ: Հիշեցնենք, որ ԻՊ-ն արդեն ունի իր ռադիոկայանը՝ Al-Bayan-ը, որը գործում է իրաքյան Մոսուլ քաղաքում:
Դե իսկ ֆինանսական միջոցների պակաս այս ահաբեկչական կազմակերպությունը դեռևս չունի: Այս կազմակերպությունը, ինչպես և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ կռվող իսլամիստական մյուս կազմակերպությունները ֆինանսավորվում են Ծոցի միապետությունների՝ մասնավորապես Սաուդյան Արաբիայի և Կատարի կողմից: Սակայն ԻՊ-ը տարբերվում է այս կազմակերպություններից իր աննախադեպ եկամուտներով, որոնք ստացվում են ինչպես սիրիական և իրաքյան նավթամթերքի վաճառքից, այնպես էլ մարդկանց առևանգումներից: Հենց սեփական ֆինանսական միջոցներն էլ ԻՊ-ին որոշ իմաստով անձեռնմխելի կամ անվերահսկելի են դարձնում, քանի որ արտաքին ֆինանսավորման բացակայության դեպքում անգամ այդ կազմակերպությունը կարող է գոյատևել: Արդյունքում աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը՝ "Իսլամական պետությունը", այսօր ավելի վտանգավոր է համարվում, քան, օրինակ, Ալ Ղաիդան:


© armedia.am