Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ինտեգրացիան խորացնելու նպատակով Մալայզիան առաջարկել է ստեղծել տարածաշրջանային ընդհանուր ժամային գոտի: Այս մասին Դավոսում ընթացող տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է Մալայզիայի կառավարության ղեկավարի աշխատակազմի ղեկավար-նախարար Աբդուլ Վահիդ Օմարը, հաղորդում է TASS լրատվական գործակալությունը:
Դավոսում ունեցած իր ելույթի ժամանակ նախարարը շեշտել է տարբեր ժամային գոտիներում գտնվելուց բխող դժվարությունների մասին: Այսպես, օրինակ, Մյանմայի և Ինդոնեզիայի արևելյան հատվածի միջև ժամային տարբերությունը կազմում է 2 ժամ 30 րոպե: Նախարարը նշել է նաև, որ տարբեր ուղղություններով համագործակցությանը խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ համագործակցության ֆորում հանդիսացող Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրները տարբեր ժամային գոտիներում են գտնվում: «Մալայզիան, որպես ընթացիկ տարում Ասոցիացիայում նախագահող երկիր, մտադիր է այս տարվա ընթացքում հասնել նրան, որ կազմակերպությունը վերածվի միասնական մեխանիզմի», - նշել է Դավոսում երկրի վարչապետի անունից հանդես եկող նախարարը:
Նշենք, որ Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան 1967 թվականին ստեղծված տարածաշրջանային կազմակերպություն է, որի կազմում ընդգրկված են Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թայլանդը և Ֆիլիպինները: