Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը երկրին կօգնի հաղթահարել համաշխարահային տնտեսական իրավիճակի հետ կապված խնդիրները և դուրս գալ ավելի ուժեղ: Նման կարծիք է հայտնել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
«Այն, ինչ այժմ անում է ռազմաարդյունաբերական համալիրը, հնարավոր է մեր կողմից դեռևս թերագնահատված է, սակայն դա ճգնաժամային իրավիճակում երկրի գոյատևման և վերափոխման հույս է: Երկիրը ճգնաժամից դուրս կգա առավել ուժեղ»,- նշել է Ռոգոզինը:
Ըստ փոխվարչապետի տվյալների՝ ներկայումս երկրի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում աշխատում է մոտ երկու միլիոն մարդ: «Ճշմարտությունն այն է, որ ավիաշինարարության կամ հրթիռաշինության ոլորտում ցանկացած նոր աշխատատեղի ստեղծումը հանգեցնում է 8-9 նոր աշխատատեղի հարակից ոլորտներում»,- նշել է նա:
Նա նաև ընդգծել է, որ ՌԴ նախագահը ևս հստակ գիտակցում է ռազմաարդյունաբերական համալիրի նշանակությունը ինչպես երկրի պաշտպանության, այնպես էլ ողջ երկրի համար, ուստի և իրականացնում է անմիջական ղեկավարում: