Հնդկաստանի Հանրապետության օրը և Բարաք Օբաման

15:00     26 հունվարի, 2015

Այսօր` հունվարի 26-ը Հնդկաստանի Հանրապետության օրն է: 1950թ. այս օրն ընդունվեց երկրի սահմանադրությունը, որը 1947թ. անկախացել էր բրիտանական շուրջ 200-ամյա գաղութատիրությունից:

Հունվարի 25-26-ը պետական այցով Հնդկաստանում է գտնվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը նաև Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր շքերթի պատվավոր հյուրն է: Սակայն Օբաման իրեն այնքան էլ լավ չէր զգում տրիբունայում նստած: Դիտելով զինվորական շքերթը, նա անձամբ համոզվեց, որ Հնդկաստանի սպառազինության մեծ մասը ռուսական արտադրության է և հնարավորություն ունեցավ գնահատել ՌԴ ռազմական տեխնիկայի հզորությունը:

Ինչպես մի քանի ամիս առաջ Չինաստանում, այնպես էլ այժմ` Հնդկաստանում Օբաման հասարակության վրդովմունքն է առաջացրել իր ոչ արարողակարգային պահվածքով: Սոցցանցերում զայրույթով են քննարկում Օբամայի ծամոն ծամելը ողջ շքերթի ժամանակ, և այն, որ ծամոնը չի հանել նույնիսկ Հնդկաստանի պետական հիմնի կատարման ժամանակ: «Միգուցե նրա ջղերը լարվա՞ծ են», - հեգնանքով գրում է մոտ միլիոն տպաքանակ ունեցող Hindustan Times թերթի խմբագիր Սոնալ Կալրան:

Երեկ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Օբաման արտահայտել է իր «խորը մտահոգությունը Ուկրաինայում հրադադարի խախտման կապակցությամբ» և մեղադրել է դրանում Մոսկվային: ԱՄՆ նախագահի խոսքերով, Վաշինգտոնը կդիտարկի «Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած լրացուցիչ միջոց»` բացառությամբ ուղղակի «ռազմական բախումը, ինչն արդյունավետ չի լինի»:

Հնդկաստանի արտաքին գործերի փոխնախարար Սուջատա Սինգհը համոզված է, որ Մոսկվան կմնա Նյու Դելիի ռազմավարական գործընկերը: Այսպես է նա մեկնաբանել Ուկրաինայի և Ռուսաստանի մասին Բարաք Օբամայի հայտարարությունը: «Դուք բոլորդ գիտեք Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին: Այդ ռազմավարական գործընկերությունը կմնա», - ասել է Սինգհը լրագրողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

 


© armedia.am