Լավրով. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդներ պետք չեն

13:11     27 հունվարի, 2015

Կիևը և Մոսկվան շարունակում են մեղադրել միմյանց Մինսկի համաձայնագրի պայմանները խախտելու մեջ: Կողմերից յուրաքանչյուրը հրաժարվում է շաբաթ օրը Ուկրանիայի արևելյան շրջանների և Ղրիմի միջև ռազմավարական դիրք զբաղեցնող Մարիուպոլ քաղաքի ռմբակոծության պատասխանատվությունից: Նշենք, որ Մարիուպոլի ռմբակոծության հետևանքով 30 մարդ է զոհվել, ևս 93-ը վիրավորվել են, ինչի կապակցույամբ էլ Ուկրանիայում հունվարի 25-ին համազգային սուգ էր հայտարարվել:

Այս դեպքերի միջազգային արձագանքը իրեն երկար սպասել չտվեց: Ինչպես և կանխատեսվում էր, արևմտյան գործիչների կողմից արվեցին հայտարարություններ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին: Օբաման Մարիուպոլի դեպքերի առնչությամբ հայտարարեց, որ ԱՄՆ-ը կշարունակի համագործակցությունը իր եվրոպական գործընկերների հետ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները խստացնելու հարցում: Այս մասին հաղորդում է The Independent-ը: Պատժամիջոցների առնչությամբ  ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դ. Պեսկովը ասել  է, որ արևմուտքը  «նրանց նկատմամբ ճնշումն  ուժեղացնելու փոխարեն, ովքեր հրաժարվում են երկխոսությունից և խնդրի խաղաղ կարգավորումից, վերսկսում է Ռուսաստանի նկատմամբ  «տնտեսական շանտաժի» քաղաքականությունը», փոխանցում է Russia Today-ը: «Ստեղծվում է տպավորություն, թե Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները խրոնիկական բնույթ են կրում»,-հայտարարել է Լավրովը:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերանին իր հերթին կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել «անջատողականներին» ցուցաբերվող ռազմական, քաղաքական և ֆինանսական օժանդակությունը Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների վատթարացումից խուսափելու նպատակով: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հորդորել է Մոսկվային  օգտագործել իր ազդեցությունը` «անջատողականներին» ստիպելու կատարել Մինսկի համաձայնագրի պահանջները: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:  

Մոսկվան էլ իր հերթին կոչ է արել Եվրոպային ճնշում գործադրել Կիևի վրա բանակցությունները շարունակելու նպատակով:

Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունների լավացման հարցում իր միջնորդությունն է  առաջարկել Թել-Ավիվը: Սակայն այսօր ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը մերժել է այս առաջարկը` ասելով, թե երկու երկրների միջև միջնորդական առաքելության կարիք չկա, քանի որ իրականում Ռուսաստան-Ուկրանիա հակամարտություն գոյություն չունի:


© armedia.am