Էլիֆ Շաֆաք. «Երբեմն այնքան հոգնեցնող է թուրք լինելը»

13:27     27 հունվարի, 2015

Թուրք գրող Էլիֆ Շաֆաքը The New York Times-ում հոդված է հրապարակել, որում խոսում է Թուրքիայի քաղաքականության հոգնածության (Turkey’s Politics of Fatigue) մասին: Էլիֆ Շաֆաքը 13 գրքերի հեղինակ է, ծնվել է 1971 թվականին Ստրասբուրգում: Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել և ամենակարդացվող կին գրողներից է Թուրքիայում: Քննադատները նրան անվանում են «ժամանակակից Թուրքիայի և համաշխարհային գրականության ամենատարբերվող ձայներից մեկը»: Նա գրում է անգլերեն և թուրքերեն լեզուներով, նրա գրքերը տպագրվել են աշխարհի ավելի քան 40 երկրներում: Ներկայումս Էլիֆ Շաֆաքը բնակվում է Լոնդոնում:

«Ստամբուլում իմ վերջին հարցազրույցից առաջ լրագրողի հետ խոսում էի թուրքական քաղաքականության մասին: 15 րոպե անց նա ցածր ձայնով, կարծես ինչ-որ գաղտնիք է ինձ վստահում, ասաց. «Երբեմն այնքան հոգնեցնող է թուրք լինելը»: Այս հոգեկան սպառման հիմնական պատճառը քաղաքականությունն է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա առաջատար կադրերը պառակտիչ ռազմավարություն են ընտրել՝ փոխզիջումների նկատմամբ թշնամանք առաջացնելով և երկդիմի քաղաքականություն իրականացնելով մշակութային համակեցության հարցում: Նույնիսկ ամենակենցաղային և անհեթեթ հարցերը կարող են թեժ բանավեճ հրահրել», - գրում է Էլիֆ Շաֆաքը:

Նրա կարծիքով «այս անտանելի հոգնածությունը հատկապես սուր է դրսևորվում ազատամիտ մտավորականության և կանանց շրջանում»: «Երբ Արդարություն և զարգացում կուսակցությունը 2002 թվականին առաջին անգամ իշխանության եկավ, լիբերալներն աջակցեցին նրան: Կուսակցության թուրքերեն սկզբնատառերը՝ A.K.P, աջակցություն էին խոստանում բարեփոխումներին և Եվրոպական միությանը: Ակնկալվում էր, որ խթանվելու են քաղաքացիական ազատությունները: Սակայն  երբ կուսակցությունը շեղվեց դեպի ավտորիտարիզմը,  լիբերալները բախտի քմահաճույքին մատնվեցին», - գրում է Էլիֆ Շաֆաքը՝ ընդգծելով, որ «որոշ լիբերալներ լռեցին, սակայն ոմանք էլ կտրուկ ընդդիմություն դարձան, մի մասն էլ ինքնաքննադատությամբ է զբաղվում»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ոչ պահպանողական կանանց, ապա թուրք գրողի կարծիքով վերջին ընտրությունների ժամանակ Էրդողանի օգտին չքվեարկած կանանց առնվազն 48 տոկոսի շրջանում անհանգստություն է աճում ԱԶԿ-ի կողմից իրենց անձնական կյանքին միջամտելու վերաբերյալ: «Նախկինում արական սեռի քաղաքական գործիչների կողմից կնատյաց հայտարարությունները դիտվում էին որպես ինքնաբուխ պոռթկումներ: Այսօր դրանք համարվում են համակարգված և կործանարար գաղափարական քարոզչության մի մասը, որը կանանց սահմանափակում է ավանդական դերերում: Թուրք կանայք բազմաթիվ հայտարարություններ են լսել կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են արհեստական վիժեցումը, կեսարյան հատումը,  հակաբեղմնավորումն ու հագուստի ոճը», - գրում է Շաֆաքը՝ Hurriyet-ից մեջբերելով Ayse Arman-ի խոսքերը. «Ես կուշտ եմ այս բոլոր կնատյաց հայտարարություններից, որոնք մշտապես մեզ ասում են, թե ինչպես պետք է ապրենք մեր կյանքը»:

«Բոլոր նրանք, ովքեր քննադատում են կառավարությանը, մեղադրվում են հայրենասեր չլինելու, կամ ավելի վատ՝ Արևմտյան ուժերի ծառաներ լինելու մեջ, ովքեր փորձում են կործանել Թուրքիան… Հոգնածությունը շարունակվում է: Թուրքիայի և Արևմուտքի միջև անջրպետը խորանում է»: Եթե որպես թուրքեր մենք չենք կարող ճանապարհ գտնել այնպիսի իդեալներ ընդունելու համար, ինչպիսիք են ազատ հասարակությունը, բաց բանավեճը, մշակութային բազմակարծությունը և գենդերային հավասարությունը, դա կլինի ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև երևակայության և կամքի տապալում», - եզրափակում է թուրք գրողը:


© armedia.am