Պատմությունը կրկնվում է. թուրքերի համար քրդերը կրկին «եղբայրներ» են դարձել

13:55     27 հունվարի, 2015

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիան անվանել է «կայունության կղզի» Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: «Այս կայունության համար մենք, նախ և առաջ, պարտական ենք մեր եղբայրությանը, ժողովրդավարությանը և մշակույթին, որը մենք ժառանգել ենք մեր նախնիներից», - ասել է Դավութօղլուն իշխող Արդարություն և զարգացում կուսակցության համաժողովի ժամանակ:

Դիմելով 15 միլիոն քրդերին՝ Դավութօղլուն «խորամանկ» է անվանել այն մարդկանց, ովքեր տարբերություն են դնում թուրքերի և քրդերի միջև՝  խոստանալով, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրելու է արդար երկրում: Դավութօղլուն հայտարարել է, որ կցանկանար քրդերեն խոսել սովորել այնպես, ինչպես թուրքերեն է խոսում: «Չնայած նրան, որ բանտերում արգելված էր քրդերեն խոսել և երգել՝ ես այսօր այստեղ եմ, որ փոխեմ այդ բոլոր օրենքները», - ասել է Դավութօղլուն իր ելույթի ժամանակ, որը սկսել է քրդերեն լեզվով, հայտնում է Kurdistan.ru-ն: Քրդերենը Թուրքիայում ագելվել է 1991 թվականին, և քրդերը մինչև այսօր դժգոհում են հետապնդումներից:

Թուրքիայի վարչապետը խոստովանել է, որ թուրքական կառավարության և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև գրեթե մեկ տարի առաջ սկսված խաղաղ գործընթացի համար բազմաթիվ խոչընդոտներ կան՝ հավելելով. «Մենք բոլորս պետք է պայքարենք այդ խոչընդոտները վերացնելու համար»:

Միաժամանակ Hurriyet Daily News-ը հայտնում է, որ թուրքական կառավարությունը պահանջել է, որ PKK-ն զենքը վայր դնի մինչև վճռական քայլերի ձեռնարկումը: Նշվում է, որ թուրքական կառավարությունը բանակցություններ է վարում վարչական և իրավական ոլորտներում ծրագրված քայլերի շուրջ՝ պահանջելով PKK-ից զինաթափել իր զինյալներին մինչև Նովրուզի տոնը, որը նշվում է մարտի 21-ին: Թերթի աղբյուրները ենթադրում են, որ Օջալանը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա փետրվարին:

Քրդերն, իրենց հերթին, կարծում են, որ խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է թուրքական կառավարության սուտ խոստումներով: PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 2014 թվականի վերջին հայտարարեց, որ քրդերի խնդիրը Թուրքիայում կարող է ամբողջությամբ լուծվել 4-5 ամիսների ընթացքում, եթե կողմերը կատարեն իրենց խոստումները: «Եթե կարգավորման դրույթները, որոնք համաձայնեցվել են կողմերի միջև, խստորեն իրականացվեն, ապա առավելագույնը 4-5 ամիսների ընթացքում ժողովրդավարական որոշում կկայացվի, որը կսահմանի Մերձավոր Արևելքի ճակատագիրը: Եթե վճռականությունը բավարար չլինի, ապա դա կխորացնի քաոսը տարածաշրջանում և կհանգեցնի նոր բախումների», - ասվում էր Օջալանի հայտարարության մեջ:

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Օսմանյան կայսրության տապալումից հետո, երբ սկսվեց անկախության համար քրդերի պայքարը, Սևրի պայմանագրով ենթադրվում էր, որ նախկին Օսմանյան կայսրության տարածքում պետք է Քրդստան պետություն ստեղծվի: Սակայն Մուստաֆա Քեմալը, հայտարարելով, որ քրդերն ու թուրքերը եղբայրներ են, խոստացավ կատարել քրդերի բոլոր պահանջները՝ նրանց իր կողմը գրավելով: Իսկ հետո հրաժարվեց քրդերին ճանաչել որպես ազգային փոքրամասնություն՝ արգելելով քրդերն լեզվի կիրառումը և ազգային հագուստ կրելը: Հիմա նույն քաղաքականությունն է վարում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, երբ հայտարարում է, որ «խաղաղ գործընթացն ընթանում է քրդերի և թուրքերի եղբայրության պահպանության համար»: Այնպես որ, դժվար է ակնկալել, որ առաջիկա տարիներին կողմերը կկարողանան վերջնականապես կարգավորել Թուրքիայում քրդական խնդիրը:


© armedia.am