Քրդական ուժերը վերականգնել են վերահսկողությունը սիրիական Կոբանի քաղաքի նկատմամբ, որտեղ նախորդ տարվա հոկտեմբերից մարտեր են ընթանում ԻՊ զինյալների դեմ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Քրդական Ժողովրդական պաշտպանության միավորումների ներկայացուցիչ Պոլատ Կանը հաստատել է այս տեղեկությունը` Tweeter-ում քրդերին շնորհավորելով Կոբանիի ազատագրման կապակցությամբ: Նա նաև առաջարկել է կազմակերպել մարդասիրական միջանցք քաղաքի բնակչությանը օգնելու նպատակով: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Սակայն Պենտագոնի մամլո խոսնակ գեներալ Ստիվեն Ուորրենը ասել է. «Չեմ կարող ասել, որ ճակատամարտում հաղթել ենք, մարտերը շարունակվում են»,-հաղորդում է Ալ Արաբիան:
Չնայած քրդական ուժերին հաջողվել է դուրս մղել ԻՊ զինյալներին քաղաքից և վերահսկողություն հաստատել քաղաքի 90 տոկոսի նկատմամբ` ԻՊ դեմ մարտերը այժմ շարունակվում են քաղաքից դուրս` թուրք-սիրիական սահմանի մոտ:
Ալ Ջազիրայի փոխանցմամբ Կոբանիի ազատագրմանը մասնակցել են նաև սիրիական բանակի և պեշմերգայի(Իրաքյան Քրդստանի ռազմականացված կազմավորումներ) ուժերը: ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան քրդական ուժերին աջակցել է` օդային հարվածներ հասցնելով քաղաքում ԻՊ դիրքերին:
Կոբանիում ընթացած մարտերի արդյունքում զոհվել է ավելի քան 1600 մարդ, որից 1196-ը ԻՊ-ի գրոհայիններ են, հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ Կոբանին ռազմավարական նշանակություն ունի կողմերի համար` Թուրքիայի սահմանին մոտ գտնվելու պատճառով: