Անկարայում համաձայնություն է ձեռք բերվել «Թուրքական հոսք» գազատարի երթուղու վերաբերյալ, որը պետք է դառնա Ռուսաստանի կողմից չեղյալ հայտարարված «Հարավային հոսքին» այլընտրանք: Անցած տարվա դեկտեմբերին ՌԴ-ն որոշում կայացրեց նոր գազատարի կառուցման մասին: Նախագծի համաձայն Թուրքիան պետք է դառնա Եվրոպայի համար գլխավոր գազաբաշխիչ կենտրոնը՝ փոխարինելով Ուկրաինային և Բուլղարիային:
Ըստ «Գազպրոմի» պաշտոնական կայքի` Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի հետ, որի ընթացքում հաստատվել է Սև ծովի հատակով անցնող «Թուրքական հոսք» գազատարի երթուղին: Խողովակաշարի 660 կմ կանցնի «Հարավային հոսքի» նախկին միջանցքով, իսկ 250 կմ նոր երթուղով՝ դեպի Թուրքիայի եվրոպական հատված:
Հունվարի 28-ին «Գազպրոմը» մտադիր է պաշտոնական հարցում ուղարկել խողովակաշարի անցկացման նախնական աշխատանքներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար, իսկ մեկ շաբաթվա ընթացքում կողմերը պետք է նախապատրաստեն գլխավոր նախագծային ծրագրերի գրաֆիկը:
Ըստ Ալեքսեյ Միլլերի՝ Միջկառավարական պայմանագի ստորագրումը կարող է կայանալ այս տարվա երկրորդ քառորդում, իսկ այս խողովակաշարով առաջին մատակարարումները նախատեսված է սկսել 2016թ-ի դեկտեմբերին:
«Թուրքական հոսքի» և դեռևս մշակման փուլում գտնվող մի շարք նախագծերի շնորհիվ Թուրքիան լուրջ հնարավորություն ունի դառնալ տարածաշրջանային գլխավոր տրանզիտային հանգույցը: Միջազգային էներգետիկ տնտեսական միության ղեկավար Գյուքան Կումբարօղլուն այս կապակցությամբ օրերս հայտարարել է, որ նախատեսվում է Եվրասիական էներգետիկ միության ձևավորում, որի կենտրոնը կլինի Ստամբուլը: «Առաջին հերթին մենք ցանկանում ենք, որ այդ միության մեջ մտնեն չորս մերձկասպյան երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը: Նախագծին կարող են միանալ նաև այն երկրները, որոնց տարածքով պետք է անցնեն TANAP և TAP խողովակաշարերը»,- նշել է Կումբարօղլուն: