Մեկնաբանելով տարեսկզբին սահմաններին տիրող լարված իրավիճակը` «Հայացք»կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ առանձնացրեց այն հիմնական գործոնները, որոնք, ըստ վերջինիս, չէին կարող չազդել սահմաններում տիրող ներկայիս իրավիճակի վրա:
Անդրադառնալով արտաքին գործոններին՝ փորձագետը որպես հիմնական արտաքին գործոն՝ առանձնացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը և դրան ընդառաջ թուրք-ադրբեջանական համատեղ քայլերը: Սա այն իրավիճակային գործոնն է, որը, ըստ փորձագետի, կշարունակի արդիական մնալ մինչև ապրիլ, մայիս ամիսները:
Այնուհետև Հ. Մխիթարյանը նշեց «ադրբեջանական հայտնի քաղաքականությունը»՝ ուղղված սահմանային միջադեպեր հրահրելու միջոցով սեփական հանրության ուշադրությունը շեղելուն.
«Ադրբեջանում մեծ թափ առած ռեպրեսիաների ալիքի համատեքստում ադրբեջանական իշխանությունները խնդիր ունեն շեղելու իրենց հանրությանը իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ պետական մակարդակով շարունակվող հետապնդումներից: Բացի այդ՝ Ադրբեջանը շարունակել և շարունակում է խոսել սպառնալիքների միջոցով՝ փորձելով զիջումներ կորզել բանակցային սեղանին՝ թե՛ հայկական կողմից և թե՛ միջնորդներից:»
Որպես մյուս ներքին քաղաքական գործոն փորձագետը առանձնացրեց Ադրբեջանում լրատվական դաշտի մաքսիմալ վերահսկողության տակ լինելու փաստը.
«Սահմանային միջադեպերի և զոհերի մասին տեղեկատվություն ադրբեջանական հասարակությունը գրեթե չի ստանում, և դրանով իշխանությունների համար, կարծես թե, վերանում է սեփական հանրության դժգոհությունը առաջացնելու, նրանց ոտքի կանգնելու վտանգը: Փոխարենը գրեթե լիարժեք ազատություն է տիրում հայկական ԶԼՄ-ներում: Իհարկե, այն, որ մենք ունենք բավական ազատ լրատվադաշտ, արժեքավոր ձեռքբերում է, սակայն դա ժամանակ առ ժամանակ կարող է մարտահրավերներ առաջ բերել»:
Ամփոփելով փորձագետը նշեց, որ սրանք են այն հիմնական գործոնները, որոնք և էապես նպաստեցին սահմանային լարվածության աճին և հանգեցրեցին հայկական կողմերում մարտավարական և ռազմավարական փոփոխությունների, որոնք իրենց արտահայտումը գտան և՛ պաշտպանության նախարարի հայտարարություններում ու համապատասխան հանձնարարություններում, և՛ նախագահի՝ պաշտպանության նախարարությունում հունվարի 26-ին ունեցած ելույթում.
«Այն, որ մեզ համար օրեցօր կենսական կարևորություն է դառնում կանխարգելիչ հարված հասցնելու մարտավարության որդեգրումը, խոսվում է արդեն բավական երկար ժամանակ: Խոսվում է վերլուծական, փորձագիտական շրջանակների կողմից և իր ամրագրումը ստանալով նաև նախագահի խոսքում՝ փաստորեն հստակեցվեց, որ այս գործիքը ևս այսուհետ լինելու է մեր զինանոցում: Նախագահի ելույթը փաստեց, որ մենք այլևս չենք լինելու պասիվ դիրքերում և անհրաժեշտության դեպքում կգնանք նաև կանխարգելիչ քայլերի», - ամփոփեց փորձագետը: