Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված իր ելույթում անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հայտնում է «Armenpress»-ը՝ հղում անելով «Haaretz»-ին, ՄԱԿ-ի ամբիոնից Ռիվլինի ելույթը հանդիսանում է Հայոց ցեղասպանության անուղղակի ճանաչում: Նա խոսել է Թուրքիայում ավելի քան 1 միլիոն հայերի ոչնչացման մասին, ինչը մինչ այժմ չի ճանաչվել Իսրայելի կողմից:
«1915 թվականիn, երբ հայեր էին ոչնչացվում, Ավշալոմ Ֆեյնբերգը, ով ՆԻԼԻ-ի անդամ էր (հրեական լրտեսական ցանց), գրել է. «Ես խիստ անհանգստացած էի, թե ով է լինելու հաջորդը: Ես ինձ հարցնում էի, թե արդյոք իրավունք ունեմ արցունք թափել միայն իմ ժողովրդի ողբերգության վրա, և արդյոք Երեմիա մարգարեն չի արտասվել հայ ժողովրդի ողբերգության համար»: Ավշալոմ Ֆեյնբերգը սա գրել է ուղիղ 100 տարի առաջ՝ կասկածների և ժխտողականության 100 տարիներ», - իր խոսքում ասել է Իսրայելի նախագահը՝ հավելելով, որ այդ ժամանակ Երուսաղեմում՝ իր հայրենիքում, ոչ ոք չի հերքել այն կոտորածները, որոնք տեղի են ունեցել: «Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողներն ու ընտանիքի անդամները, տեսել են կոտորածներից փրկված հայ փախստականներին, ովքեր հազարավորներով էին շարժվում՝ սովից մահանալով: Երուսաղեմում նրանք ապաստան գտան, նրանց հետևորդները մինչև այժմ էլ շարունակում են բնակվել այնտեղ», - ասել է Ռիվլինը:
Իր ելույթում Իսրայելի նախագահը նաև նշել է, որ պաղեստինցիների հանդեպ ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մասին Իսրայելին վերագրվող «ցինիկ» մեղադրանքները վնասում են այս երևույթի դեմ պայքարելու ՄԱԿ-ի կարողություններին, գրում է Regnum գործակալությունը: Asbarez-ը, հղում անելով իսրայելական վերոնշյալ ամսագրին, գրում է, որ Ռիվլինը կոչ է արել ՄԱԿ-ին սահմաններ գծել, որոնց խախտման դեպքում կազմակերպությունը կարող է միջամտել ցեղասպանությունը դադարեցնելու համար:
Միաժամանակ Հայաստանում հրեական համայնքը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Հայոց ցեղասպանության փաստի չճանաչվածության տխուր օրինակը հանգեցրել է Հոլոքոստին և նոր ցեղասպանություններին»: «Գիտակցելով երկու բախտակից ժողովուրդների տխուր պատմական ժառանգությունը` մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի պատմության հրեշավոր փաստերը երբեք չկրկնվեն: Միջազգային հանրության անընդունելի լռությունը և անտարբերությունը` մարդկության և, ընդհանրապես, քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործության հանդեպ, աշխարհում ցանկացած ցեղասպանության փաստի չճանաչումը և միտումնավոր ժխտողականությունը միշտ հող է պատրաստում ազգային և կրոնական հողի վրա նոր բռնության առաջացման համար:
«Մարդկության դեմ ցանկացած հանցագործության զոհերի հիշատակության օրերը` Շոան (Հոլոքոստ), Հայոց ցեղասպանությունը (Մեծ Եղեռն), Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի զոհերի հիշատակի օրերը, ինչպես նաև բռնության և ահաբեկչական այլ գործողությունների զոհերի օրերը պետք է լինեն հիշատակության օրեր ոչ միայն հենց զոհերի ժառանգների համար, այլև նրանց ժառանգների համար, ովքեր իրականացրել են այդ հանցագործությունները», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում ընդգծեց, որ «Աներկբա ճշմարտություն է, որ ցեղասպանությունների զոհերին մոռացության մատնելը և ժխտողականությունը՝ հատկապես պետական մակարդակով, այդ ոճրագործության փուլերից մեկն է: Այն կրկնակի հանցանք է ոչ միայն անմեղ զոհերի, այլև ներկայի ու ապագայի հանդեպ»: