Ինչու՞ է Գերմանիան խորացնում է հետախուզական համագործակցությունը Թուրքիայի հետ

11:16     30 հունվարի, 2015

Որպես «Իսլամական պետության» դեմ հակաահաբեկչական պայքարի բաղկացուցիչ մաս՝ Գերմանիան մտադիր է խորացնել համատեղ հետախուզական համագործակցությունը Թուրքիայի հետ: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը: Թուրքիայի և Գերմանիայի միջև հետախուզական նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Գերմանիայից մեկնած ավելի քան 600 զինյալների գրեթե 90%-ը Սիրիա և Իրաք է ներթափանցել Թուրքիայի տարածքով, ինչպես նաև նույն ճանապարհով էլ վերադարձել է Գերմանիա: Այս մասին ավելի վաղ հայտնել է Hurriyet-ը՝ հղում անելով գերմանականSüddeutsche Zeitung-ին:

Ամսագրի տվյալներով գերմանացի պաշտոնյաները գոհ չեն Թուրքիայի հետ հետախուզական տվյալների փոխանակման մակարդակից և վստահ չեն, թե արդյոք Թուրքիան կարող է կանգնեցնել զինյալների մուտքը Սիրիա և Իրաք: Հայտնի է, որ վերջին շրջանում արաբական այս երկրներ օտրաերկրյա զինյալների ներթափանցման վրա «աչք փակելու» համար Թուրքիան հաճախ է քննադատության ենթարկվում արևմտյան մամուլի կողմից:
Թուրքիայում, իհարկե, հերքում են այս մեղադրանքները: «Թուրքիան անկարող է փակել 510 կիլոմետրանոց սահմանը Սիրիայի հետ: Մենք չենք կարող զինվորներ կանգնեցնել սահմանի ողջ երկայնքով», - ի պատասխան հնչող քննադատություններին՝ վերջերս հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Բացի այդ, օտարերկրյա զինյալների ներթափանցումը Սիրիա որպես պատրվակ օգտագործելով՝ Թուրքիան բարձրացնում է սիրիական սահմանի վրա բուֆերային գոտի ստեղծելու իր պահանջը, որը մինչ օրս հավանության չի արժանացել արևմտյան տերությունների կողմից:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները հարվածի տակ դրվեցին 2014 թվականի օգոստոսին, երբ որոշ զեկույցների արտահոսքի արդյունքում պարզվեց, որ Գերմանիան 2009 թվականից լրտեսել է Թուրքիային: Մասնավորապես, գերմանական Der Spiegel ամսագրի տվյալների համաձայն Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը 2009 թվականից գաղտնալրտեսել և շարունակում է լրտեսել Թուրքիային: Այս միջադեպն առաջ բերեց թուրք գործիչների զայրույթը, թեև Գերմանիան հիմնականում լուռ մնաց: Թուրքական իշխանություններն անգամ ԱԳՆ հրավիրեցին Թուրքիայում Գերմանիայի դեսպանին՝ պահանջելով բավարարող բացատրություն ներկայացնել գաղտնալսման մեղադրանքների վերաբերյալ: Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելքա Մերկելը հայտարարեց, որ աճող սպառնալիքների համատեքստում Գերմանիան հետախուզական ծառայությունների աշխատանքի կարիքն ունի, հետևաբար, դրանց գործունեությունը շարունակվելու է: 
Երկու երկրների հարաբերություններն ավելի սրվեցին այն բանից հետո, երբ 2014 թվականի դեկտեմբերին Գերմանիայում լրտեսության մեղադրանքով Թուրքիայի 3 քաղաքացիներ ձերբակալվեցին, որոնցից մեկը, ինչպես պարզվեց ավեի ուշ, Թայիփ Էրդողանի նախկին խորհրդականներից էր: Իսկ նախորդ շաբաթ գերմանական ոստիկանությունը ձերբակալեց ազգությամբ մի թուրքի, ով մեղադրվում է ԻՊ-ի անդամ լինելու մեջ: Ինչպես հայտնի է, Գերմանիան Փարիզի ահաբեկչություններից հետո ուժեղացրել է հնարավոր հարձակումների դեմ անվտանգության միջոցները: 
Ակնհայտ է, որ Գերմանիան փորձում է կանխել իր քաղաքացիների մուտքն ու ելքը Սիրիա և Իրաք՝ փորձելով իր երկիրը ձերծ պահել ահաբեկիչների գործունեությունից: Եվ գերմանացի գործիչները գիտակցում են, որ առանց Թուրքիայի օգնության, ում տարածքով էլ իրականացվում է Եվրոպայից զինյալների տեղափոխումը Սիրիա, այս խնդրի լուծումը գրեթե անհնարին կլինի:


© armedia.am