Ասադը ցանկանում է, որ «ԱՄՆ-ը ճնշում գործադրի Թուրքիայի վրա»

11:25     30 հունվարի, 2015

Միաժամանակ Մոսկվայում հունվարի 29-ին ավարտվեցին 4 օր տևած միջսիրիական խորհրդակցությունները, որոնց մասնակցել են Սիրիայի քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր խմբավորումների ավելի քան 30 ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, բանակցությունների ընթացքում ընդհանուր հարթակ է մշակվել, խորհրդակցություն է տեղի ունեցել Սիրիայի կառավարության պատվիրակության հետ: Մոսկվայի խորհրդակցությունը Ժնևի երկխոսությունից հետո միջսիրիական բանակցությունները վերսկսելու առաջին փորձն էր: ՄԱԿ-ը ևս հետևել է խորհրդակցությունների ընթացքին: «Մենք կարծում ենք, որ Մոսկվայի խորհրդակցություններն ավարտվել են առանց լուրջ արդյունքների: ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան Դե Միստուրայի գրասենյակը շարունակելու է հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կմիանա գործընթացին», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը:

Մոսկվայում կայացած միջսիրիական խորհրդակցություններին չի մասնակցել Ստամբուլում գործող Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, որը վայելում է արևմտյան պետությունների և Ծոցի միապետությունների աջակցությունը, հայտնում է TASS-ը: Ինչպես նշել է միջսիրիական խորհրդակցությունների համակարգող Վիտալի Նաումկինը, Ազգային կոալիցիան կարող է հրավիրվել միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլին, որի անցկացման ժամկետները դեռևս հայտնի չեն:

Միաժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բացառիկ հարցազրույց է տվել The Foreign Affairs-ի խմբագիր Ջոնաթան Տեպպերմենին: Ինչպես հաղորդում է InoPressa-ն, սկզբում լրագրողը հարցրել է. «Ինչպե՞ս եք պատկերացնում պատերազմի ավարտը»: «Աշխարհում բոլոր պատերազմներն ավարտվել են քաղաքական լուծման ճանապարհով, քանի որ պատերազմը ոչ թե լուծում է, այլ քաղաքականության գործիքներից մեկը», - պատասխանել է Ասադը: «Ընդդիմություն՝ նշանակում է «ազգային», նշանակում է՝ այն պետք է ծառայի սիրիական ժողովրդի շահերին: Այն չի կարող ընդդիմություն համարվել, եթե հանդիսանում է Կատարի, Սաուդյան Արաբիայի կամ որևէ աևմտյան երկրի, այդ թվում, ԱՄՆ-ի խամաճիկը: Այն պետք է սիրիական լինի», - հավելել է Ասադը:

Նա վստահեցրել է, որ Սիրիայիում երկու տեսակ զինյալներ են գործում. «Հիմա մեծ մասը Ալ-Կաիդան է, ԻՊ-ն, Ալ-Նուսրան և այլ նմանատիպ խմբավորումներ, որոնք պատկանում են Ալ-Կաիդային: Հիմա մնում է այն, ինչ Օբաման անվանում է «երևակայություն» կամ «չափավոր ընդդիմություն»: Սակայն դա ընդդիմություն չէ, դրանք զինյալներ են», - նշել է Ասադը: Անդրադառնալով Իսրայելին՝ Սիրիայի նախագահը հայտնել է, որ «Իսրայելն արդեն 2 տարի առանց որևէ հիմնավորման հարձակվում է Սիրիայի վրա»: «Նրանք աջակցում են Սիրիայում գործող զինյալներին: Դա շատ պարզ է, քանի որ ամեն անգամ, երբ մենք որևէ վայրում անցնում ենք հարձակման, նրանք հարվածում են, որ թուլացնեն սիրիական բանակը«, - ասել է Ասադը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ համագործակցությանը, Ասադը նշել է. «ԱՄՆ-ի հետ համագործակցության ներուժ, իհարկե, կա, քանի որ մենք 30 տարի շարունակ խոսում ենք ահաբեկչության դեմ պայքարի մասին: Սակայն ներուժի համար ցանկություն է պետք: Մենք հարց ենք տալիս՝ որքան ուժեղ է տեղում ահաբեկչության դեմ պայքարելու ԱՄՆ-ի ցանկությունը: Մենք դեռևս հստակ ոչինչ չենք տեսել՝ չնայած Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի դեմ իրականացվող հարվածներից: Հստակ ոչինչ չկա, մենք միայն աչքափակություն ենք տեսել: Այդ հարձակումների սկսվելուց հետո ԻՊ-ն ավելի շատ տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում», - ասել է Ասադը: Նա հայտարարել է, որ ցանկանում է, որ «ԱՄՆ-ը ճնշում գործադրի Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի վրա, որ նրանք դադարեցնեն զինյալներին տրամադրվող աջակցությունը»:

«Սիրիան Մերձավոր Արևելքի սիրտն է: Իսկ եթե Մերձավոր Արևելքը անառողջ է, ապա ողջ աշխարհը անկայուն կդառնա», - վստահեցրել է Սիրիայի նախագահը:


© armedia.am