Լուկաշենկոն սպառնում է դուրս գալ Եվրասիական Միությունից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ իր երկիրը կարող է դուրս գալ Եվրասիական Միությունից, եթե նա իրավահավասար չլինի: Այս հայտարարությունը նախագահն արել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության՝ Բելառուս կատարելիք այցի նախօրեին:
Իր հայտարարության մեջ Լուկաշենկոն հիշեցրել է, որ Բելառուսը Եվրասիական Միության մասին պայմանագիրը ստորագրել է վերապահումով: Դրա էությունը կայանում է նրանում, որ եթե պայմանավորվածությունները չկատարվեն, ապա իրենք իրավունք ունեն դուրս գալ այդ միությունից: Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները հերթական անգամ բարդացան, երբ Արևմուտքը Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ մտցրեց, իսկ վերջինս էլ էմբարգո դրեց ԵՄ-ից ներկրվող ապրանքների վրա, որից հետո էլ հայտնաբերեց, որ Մինսկը կատարում է ներմուծման համար արգելված ապրանքների կրկնակի արտահանում: Սակայն Լուկաշենկոն կտրականապես հերքել է մեղադրանքները, ասելով, որ Բելառուսը կապ չունի ռուսական պատժամիջոցների հետ և միտք էլ չունի դաշնակցի դրության մեջ մտնել: Ի դեպ, նման դիրքորոշում է ցուցաբերում նաև Ղազախստանը: Լուկաշենկոն չի կարող հույսը դնել միայն Ռուսաստանի ու ԵԱՏՄ վրա և ցանկանում է զարգացնել տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ: Նախագահը ցուցադրում է սեփական արտաքին քաղաքականության բազմավեկտորություն, կարծելով, թե դա օգուտ է բերում իր երկրին, կարծիք է հայտնում Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փարձագետ Վլադիմիր Բրուտերը: «Եվրասիական Միությունից դուրս գալով վախեցնելը և միաժամանակ ԱՄՀ-ից պարտքով գումար խնդրելը Լուկաշենկոյի խուսանավման քաղաքականության ավանադական օրինակն է: Եվ դրա հիմնական առիթը Ռուսաստանում ճգնաժամային իրավիճակն է: Լուկաշենկոն համոզված է, որ ճգնաժամի ու մեկուսացման իրավիճակում Մոսկվան չի ցանկանա զրկվել իր հավատարիմ դաշնակցից և սովորականից ավելի շատ գումար կտա», - ասում է Բրուտերը: