Ռուսաստանը վերջին կես տարվա ընթացքում գնել է ռեկորդային քանակությամբ ոսկի և շարունակում է արագությամբ վաճառել ԱՄՆ գանձապետական պարտատոմսերը, հաղորդում է Zerohedge.com-ը:
Վերջերս տեղեկություններ էին տարածվում, թե Ռուսաստանը վաճառում է իր ոսկու պաշարները` պատժամիջոցների պատճառով թուլացած տնտեսությունը պաշտպանելու համար: Սակայն պարզվեց, որ Պուտինը ոչ թե վաճառում, այլ գնում է ոսկի: ՌԴ ոսկու պաշարները 2014թ. դեկտեմբերի դրությամբ կազմել են ավելի քան 46 մլրդ դոլար:
Այդ խոսակցությունները հնարավորություն տվեցին ռուսներին ոսկի գնել ավելի էժան գնով: Այսպիսով, Ռուսաստանում և Չինաստանում թղթային ակտիվներից անցում են կատարում ոչ թղթային ակտիվների, ինչի մասին համարյա ոչ ոք չի խոսում:
ԱՄՆ-ում հրճվում էին ՌԴ Կենտրոնական Բանկի հրապարակած տվյալներից, որոնց համաձայն 2014թ. Ռուսաստանից դուրս է եկել 151,5մլրդ դոլար կապիտալ, ինչը մոտ 2,5 անգամ ավելի բարձր է, քան 2013-ին: Սակայն փորձագետները հաշվարկում են, որ նշված «կապիտալի փախուստի» գումարի 78%-ը կապված է եղել բանկային և կորպորատիվ հատվածներում պարտքերը մարելու վրա: Ռուսաստանն ինքը չի եկել նման որոշման: Այդպիսի քայլի գնալ նրան ստիպել են պատժամիջոցները, որոնք կտրել են ռուսական բանկերն ու ընկերությունները արևմտյան վարկային շուկաներից:
Ստացվում է այնպես, որ երկրից դուրս գնացած կապիտալի մեծ մասը կբարելավի ռուսական բալանսային հաշվետվությունները և կկրճատի Ռուսաստանի արտաքին պարտքը, ինչպես նաև երկիրը կազատի արդեն հոգեվարքի մեջ գտնվող դոլարի պաշարներից: