Ըստ ամերիկյան «Ժառանգություն» հիմնադրամի (Heritage Foundation) 2015 թ.-ի տվյալներով Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշը 67.1 է (Economic Freedon Index), ըստ որի ՀՀ-ն զբաղեցրել է 52-րդ տեղը 186 երկրների շարքում: Գործակիցը նվազել է 1.8 միավորով նախորդ տարվա համեմատությամբ: Եվրոպական տարածաշրջանի կտրվածքով 43 երկրների ցանկում Հայաստանը 23-րդ տեղում է, որը համարվում է միջինից բարձր ցուցանիշ տարածաշրջանային և համաշխարհային մակարդակում: Չափման սանդղակը 10-100 միավոր է: Տնտեսական Ազատության ինդեքսի բաղադրիչ ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 1-ում:
Այս ինդեքսը ինֆորմացիա է հաղորդում երկրի տնտեսական ազատ գործունեության մասին: Տնեսական ազատությունը յուրաքանչյուր անհատի հիմնական իրավունքն է` տնօրինելու իր աշխատուժն ու սեփականությունը: Տնտեսապես ազատ հասարակություններում անհատներն ազատ են աշխատելու, արտադրելու, սպառելու և ներդրումներ անելու տնտեսության ցանկացած ոլորտում՝ ըստ իրենց ցանկության: Այլ խոսքով, տնտեսապես ազատ հասարակություններում կառավորությունը աշխատուժի, կապիտալի և ապրանքների ազատ տեղափոխման հնարավորություն է տալիս: Սրա ցայտուն օրինակ է Եվրոպական Միությունը: Այս ամենի նպատակն է ձևավորել հասարակական առողջ փոխհարաբերություններ, կրճատել աղքատությունը, ավելացնել մեկ շնչին ընկնող հարստության ծավալը: Տնտեսական ազատությունը չափվում է 10 գործոնով, որոնք ներառված են հետևյալ 4 խմբերում՝ օրենքի գերակայություն, կառավարության սահմանափակ միջամտություն, կարգավորիչների արդյունավետություն և ազատ շուկա (աղբյուրը՝ heritage.org):
Աղյուսակ 1. Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշի բաղադրիչները
Բազադրիչի անվանումը |
Ցուցանիշը |
Սահմանում-բացատրություն |
Սեփականության իրավունք |
20.0 |
Չափում է երկրի՝ օրենքի շրջանակներում անհատի սեփականություն կուտակելու իրավունքի աստիճանը: |
Ազատություն կոռուպցիայից |
36.0 |
Կոռուպցիան քայքայում է տնտեսական ազատությունը՝ առաջ բերելով անապահովվածություն և անվստահություն տնտեսական հարաբերություներում: |
Պետական ծախսեր |
82.2 |
Այս ցուցանիշը ցույց է տալիս կառավարության պարտադիր ծախսերի ծանրությունը, որը ներառում է պետական սպառումը: |
Հարկաբյուջետային ազատություն |
84.4 |
Վերաբերում է կառավարության կողմից պարտադրված հարկերի կշռին ՀՆԱ-ի մասնաբաժնում՝ արտահայտած տոկոսներով: |
Բիզնեսի ազատություն |
82.7 |
Ցույց է տալիս գործարար ոլորտում կառավարության միջամտության արդյունավետությունը: |
Աշխատուժի ազատություն |
64.3 |
Վերաբերում է երկրի աշխատուժի շուկայի իրավական եւ կարգավորիչ շրջանակի տարբեր ասպեկտներին, ներառյալ` նվազագույն աշխատավարձ, աշխատանքային ժամաքանակ եւ այլն: |
Դրամավարկային ազատություն |
70.6 |
Վերաբերում է գների կայունությանը` գների վերահսկման հետ միասին: |
Շուկայի ազատություն |
85.4 |
Ցույց է տալիս սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների աստիճանը արտահանող և ներմուծող ապրանքների և ծառայությունների վրա: |
Ներդրումային ազատություն |
75.0 |
Ցույց է տալիս երկրի տնտեսական ազատության չափը, որտեղ ներդրված կապիտալի հոսքի համար չկան խոչընդոտներ: |
Ֆինանսական ազատություն |
70.0 |
Սա բանկային արդյունավետության ինդիկատոր է, ինչպես նաև չափում է ֆինանսական հատվածի անկախությունը պետական հսկումներից և միջամտությունից: |
Ինչպես երևում է ցուցանիշներից, որոշ ենթաոլորտներում Հայաստանը գրանցել է բավականին բարձր տվյալներ: Օրինակ` շուկայի և բիզնեսի ազատության ինդեքսները բավականին բարձր են: Սա հուշում է, որ Հայաստանն ունի բավական ազատ գործարար միջավայր, ինչպես նաև ավելի ազատ սակագնային համակարգ, որը թույլ է տալիս հեշտությամբ արտահանել կամ ներմուծել ապրանքներ և ծառայություներ: Ներդրումների գծով նույնպես ցուցանիշը բարձր է, այսինքն երկրի ներսում կապիտալի հոսքը անխոչընդոտ է, և համակարգը բաց է կապիտալի ընդլայման հարցում: Ֆինանսաբանկանյին համակարգը նույնպես բավականին անկախ է գործում, գրեթե զերծ է պետական միջամտությունից և պետական հսկումներց: Սակայն տնտեսությունը դեռևս գտնվում է զարգացման փուլում: Սա բացատրվում է տնտեսական ազատության ինդեքսի մյուս ցուցանիշներով: Օրինակ՝ պետական ծախսերի ցուցանիշը բավականին բարձր է (82.2), որը սակայն գնահատվում է բացասաբար: Սա ցույց է տալիս ՀՆԱ-ի ձևավորման վրա չափից ավելի պետական ծախսերի ազդեցությունը: Թերևս ամենացածր տեղում է գտնվում սեփականության իրավունքի ցուցանիշը (20.0): Սա ցույց է տալիս, որ մասնավոր սեփականությունը թույլ է պաշտպանված: Ազատություն կոռուպցիայից ցուցանիշը նույնպես բավականին ցածր է (36.0): Սա կրճատում է տնտեսական կենսունակությունը՝ ավելացնելով ծախսերը, և ռեսուրսներն ուղղելով դեպի գործունեության այնպիսի ոլորտներ, որոնք ոչ արդյունավետ են տնտեսության համար:
Ամփոփելով տվյալները՝ պետք է նշել, որ, ըստ միջազագաին վերլուծություների, Հայաստանը գրանցել է բավականին բարձր ցուցանիշներ դրամավարկային, ֆինանսաբանկային, միջոցների ներդրման, բիզնեսի զարգացման և շուկայի ազատ գործունեության ոլորտներում, սակայն ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, սրանք ոչ վստահելի բիզնես միջավայրի ձեւավորման նախադրյալներ են ստեղծում, ինչն էլ թույլ չի տալիս կապիտալի ազատ ներդրում և միջազգային ֆինանսական հոսքեր դեպի երկրի տնտեսություն: Գոյություն ունի մեկ այլ գործոն ևս, որը նույնպես կարող է բացասական ազդել երկրում ներդրումներ կատարելու համար: Այն վերաբերում է երկրի, և ընդհանրապես տարածաշրջանում ոչ կայուն քաղաքական (պատերազմական) իրավիճակին, որը անվստահելի միջավայրի պատկեր է ստեղծում ներդրողի համար: Սակայն ազատություն կոռուպցիայից և սեփականության իրավունքի ինդեքսների բարձրացման հետևանքով Հայաստանը կարող է լավագույն միջավայր հանդիսանալ տարածաշրջանում տնտեսական շատ ներդրումների և արդյունաբերության զարգացման տեսականկյունից, քանի որ նշված ցուցանիշները տվյալ երկրում անխափան բիզնես գործունեության երաշխիք են հանդիսանում: