Նախորդ շաբաթ Եգիպտոսը կրկին ահաբեկչական հարձակումների ենթարկվեց: Սինայ թերակղզու հյուսիսում անվտանգության ուժերի կենտրոնների և զորամասի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով 30 մարդ զոհվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին: Ահաբեկիչները հարձակվելիս զրահատեխնիկա և ականանետներ են օգտագործել: «Անսար Բեյթ Ալ-Մակդիս»
(«Վիլայաթ Սինայ») ահաբեկչական խմբավորումը, որը համարվում է «Իսլամական պետության» թևը, ստանձնել է ահաբեկչությունների պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ սա վրեժ է իշխանությունից հեռացված Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների հանդեպ հետապնդումների համար:
Եգիպտական իշխանությունները բավական կտրուկ արձագանքեցին այս ահաբեկչական հարձակումներին: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին, ընդհատելով Եթովպիայում Աֆրիկյան գագաթաժողովում իր մասնակցությունը, վերադարձավ Կահիրե, որտեղ հունվարի 31-ին Գերագույն ռազմական խորհրդի նիստ հրավիրեց, որի արդյունքում հայտարարվեց Սինայում ահաբեկիչների դեմ պայքարելու համար հատուկ հրամանատարության կազմավորման մասին: Ինչպես նշում է BBC-ն, Եգիպտոսի նախագահը կարծում է, որ այնտեղ ահաբեկչության դեմ պայքարը «երկար և դժվար« է լինելու, սակայն, ի վերջո, այն հաղթահարվելու է, և «Սինայն ընդմիշտ եգիպտական է լինելու»: «Մենք գիտենք, թե ով է օգնում ահաբեկիչներին Սինայում, և հասնելու ենք նրան, որ վերջիններս վճարեն», - ասել է Սիսին: Ինչպես նշում է Մերձավոր Արևելքի Ւնստիտուտը, եգիպտական իշխանությունները կարծում են, որ Սինայի վրա հարձակումներն իրականացվել են օտարերկրյա հատուկ ծառայությունների օգնությամբ, քանի որ դրանց կազմակերպման մակարդակը զգալիորեն գերազանցում է «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորման հնարավորությունները:
Եգիպտոսը նաև արգելել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի գործուներությունը երկրում՝ այն ներառելով ահաբեկչական խմբավորումների ցանկում: Այս խմբավորումը մեղադրվում է Սինայ թերակղզում 2014 թվականի հոկտեմբերին իրականացված զանգվածային ահաբեկչական հարձակման մեջ, որի հետևանքով անտանգության 33 աշխատակիցներ էին սպանվել: ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը խիստ քննադարության է ենթարկել եգիպտական իշխանությունների այս որոշումը: «Սա քաղաքական և վտանգավոր որոշում է, որը ծառայում է միայն սիոնիստական օկուպացիայի շահերին», - հայտարարել է շարժման մամլո քարտուղարը:
Ներկայումս եգիպտական բանակն ընդլայնում է Սինայի հյուսիսում հակաահաբեկչական գործողության մասշտաբները՝ իրականացնելով զինյալների զտումներ: Իշխանությունների կողմից արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամական կազմակերպությունը կոչ է արել բոլոր օտարերկրացիներին, այդ թվում զբոսաշրջիկներին, մինչև փետրվարի 11-ը լքել Եգիպտոսը՝ հակառակ պարագայում սպառնալով ահաբեկչության նոր ալիք կազմակերպել: