Վրացիներն արդարություն են պահանջում

12:16     3 փետրվարի, 2015

Վրացիները երկրի իշխանություններից պահանջում են պատասխանատվության ենթարկել այն բոլոր անձանց, ովքեր Սահակաշվիլիի կառավարման տարիներին խախտել են օրենքը: Նման պահանջով էին Թբիլիսիի փողոցներ դուրս եկել հազարավոր քաղաքացիներ, հայտնում է dfwatch.net-ը: Ցուցարարները հավաքվել էին Ռուսթավելի մետրոյի մոտ, որից հետո քայլել են խորհրդարանի հին շենքի ուղղությամբ: Кавказкый Узел-ի փոխանցմամբ "Վրաստանի հայրենասերների դաշինք" հասարակական կազմակերպության ակտիվիստ Իրմա Ինաշվիլին, ով հանդիսանում էր այս հանրահավաքի կազմակերպիչը, հայտարարել է, որ ի վերջո բոլորը պետք է հասկանան, թե ինչ է նշանակում ժողովրդավար երկիր, թե որոնք են ժողովրդավարական կառույցները և որն է ընդդիմության դերը:

"Մենք եկել ենք խորհրդարանի շենքի մոտ, որովհետև ցանկանում ենք ցույց տալ կառավարությանը, թե ինչքան դժգոհ մարդիկ կան: Նրանք "Ազգային շարժում" կուսակցության զոհերն են, որոնց պաշտպանելու համար կառավարությունը ոչինչ չի արել," – ասել է Ինաշվիլին: Նրա խոսքով Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին, ով վաղուց արդեն պետք է ձերբակալված լիներ, այժմ "աշխարհով մեկ ազատ շրջում է":

Ինչպես Кавказкый Узел-ն է տեղեկացնում, ցույցի մասնակիցները կոչ են արել իշխանություններին բավարարել իրենց պահանջները, այլապես մարտից նման ցույցերը պարբերական բնույթ կկրեն: Ցույցի ժամանակ ելույթով է հանդես եկել նաև Լա Մետրևելին՝ Բուտա Ռոբակիձեի մայրը, ում Սահակաշվիլիի ժամանակ սպանել էին ոստիկանության իրականացրած օպերացիայի արդյունքում: Նա կոչ է արել վերականգնել արդարությունը:

Հիշեցնենք, որ "Վրացական երազանք" կուսակցության իշխանության գալուց հետո քրեական գործեր են հարուցվել Սահակաշվիլիի տարիների արդեն նախկին քաղաքական գործիչների և պաշտոնյաների ՝ այդ թվում հենց Սահակաշվիլիի դեմ:

Կարծես թե, Վրաստանում այս ցույցի կազմակերպումը երկրում արդեն իսկ սկսած ալիքի շարունակությունն է հանդիսանում: Վերջերս Վրաստանում շատ է քննարկվում Զուրաբ Վազագաշվիլի սպանության հարցը, ով սպանվել էր Թբիլիսիի կենտրոնում իրականացված ոստիկանական օպերացիայի ժամանակ, որի նպատակն էր ձերբակալել հանցավոր գործունեության մեջ կասկածվող խմբավորման անդամներին, որոնց թվում էր Վազագաշվիլին: Շատերի պնդմամբ այս օպերացիայի ժամանակ ոստիկանները չարաշահել են իրենց լիազորությունները և գործողությունները եղել են ոչ օրինաչափ: Այս սպանությունը, սակայն, Վրաստանում սկսեց շատ բուռն քննարկվել այն բանից հետո, երբ Զուրաբ Վազագաշվիլիի հայրը հենց որդու գերեզմանի վրա պայթեց ծաղկեպսակի մեջ տեղադրված նռնակից: Արդյունքում ընդամենը մի քանի օր առաջ հրաժարական տվեց Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկայիձեն Զուրաբ Վազագաշվիլիին սպանած ոստիկաններին հովանավորելու մեջ մեղադրվելու պատճառով: Հավանական է, որ այս ամենը Վրաստանում ներքին բավականին լարված իրավիճակի կհանգեցնի, իսկ իշխանության հանդեպ ժողովրդի վստահությունն էլ գնալով կպակասի:


© armedia.am