Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ԲՌԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) զարգացման բանկի մասին համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը Պետական Դումա ներկայացնելու որոշում է ստորագրել: Այս նոր բանկի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. հուլիսի 15-ին Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում ԲՌԻԿՍ գագաթաժողովի ժամանակ:
«Համաձայնագիրը նախատեսում է բազմակողմ ֆինանսական ինստիտուտի` զարգացման նոր բանկի ստեղծում, որը ԲՌԻԿՍ պետություններում և զարգացող երկրներում կֆինանսավորի ենթակառուցվածքային նախագծեր ու կայուն զարգացման ծրագրեր», - հաղորդվում է ռուսական կառավարության կայքում:
Բանկի հիմնադիրներն են ԲՌԻԿՍ պետությունները, որոնք, ըստ համաձայնագրի, ունեն հատուկ իրավունքներ, ինչը, սակայն, չեն ունենա բանկի մյուս անդամները: Բանկի նախագահ կարող է ընտրվել միայն հիմնադիր երկրի ներկայացուցիչը ռոտացիոն կարգով, բանկի կառավարման մարմիններում գլխավոր որոշումները կընդունվեն հիմնադիր պետությունների ձայների մեծամասնությամբ:
Համաձայնագիրը բաց է ՄԱԿ-ի անդամ պետությունների անդամակցության համար: Բանկի կենտրոնակայանը կլինի Շանհայում: Արդեն որոշվել է, որ բանկի նախագահ կլինի Հնդկաստանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ համաշխարհային տնտեսություն ճգնաժամի դեպքում կապիտալի ազգային շուկաները կարող են կայունացվել զարգացման բանկի և ԲՌԻԿՍ արժութային պաշարների ստեղծումով: