Անկարան իր հասցեին հնչեցված ցանկացած առողջ քննադատություն ընկալում է որպես պետության դեմ ուղղված սպառնալիք: Այս մասին գրում է թուրք հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը The New York Times-ում հրապարակված «Թուրքիայի քայքայված ժողովրդավարությունը» վերնագրով իր հոդվածում: Անդրադառնալով վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայում այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներին, մամուլի գրաքննությանը և մարդու իրավունքների խախտումներին` հասարակական գործիչը գրում է, որ «Թուրքիան այսպիսով կորցնում է ոչ միայն արևմուտքում ունեցած վստահությունը, այլ նաև Մերձավոր Արևելքում իր ազդեցությունը, քանի որ դրա համար միայն զարգացած տնտեսությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաև առողջ ժողովրդավարություն»:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը, ով արդեն մի քանի տասնամյակ պայքարում է Թուրքիայում քաղաքացիական հասարակության ձևավորման, միջկրոնական երկխոսության և որակյալ կրթության համար և ունի միլիոնավոր հետևորդներ, Անկարայի կողմից մեղադրվում է «պետության մեջ պետություն» ստեղծելու և 2013թ կոռուպցիոն սկանդալի հրահրման մեջ: Իսկ օրերս թուրքական մամուլում հայտնված տեղեկության համաձայն Անկարան անվավեր է հայտարարել Գյուլենի թուրքական անձնագիրը` պատճառաբանելով, որ վերջինս 1999թ.-ից ինքնակամ աքսորի մեջ է ԱՄՆ-ում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես չի հաստատել Գյուլենին քաղաքացիությունից զրկելու մասին մամուլում հայտնված այս տեղեկատվությունը: