ԱՄՆ-ն մտադիր է մինչև ապրիլ բացել իր դեսպանությունը Հավանայում

16:47     6 փետրվարի, 2015

ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Կուբայի նկատմամբ՝ վերջինիս համաձայնությունը պահանջելով մինչև ապրիլ Հավանայում ԱՄՆ դեսպանություն բացելու համար: Այս մասին հաղորդում է REUTERS լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնական աղբյուրներին:

Լրատվականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն մտադիր է հասնել նրան, որ ընթացիկ տարվա ապրիլի 10-11-ը Կուբայում կայանալիք «Ամերիկաների գագաթաժողովի» ժամանակ Կուբայում ունենա արդեն լիարժեք գործող դեսպանատուն: Ի դեպ, հենց այս գագաթաժողովի շրջանակներում էլ, որոշ աղբյուրների փոխանցմամբ, սպասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հանդիպումը՝ 2013 թվականից ի վեր առաջին անգամ:

Կուբան, սակայն, հրաժարվում է համաձայնությունը տալ ամերիկյան դեսպանությունը Հավանայում բացելու վերաբերյալ՝ ամերիկյան կողմից պահանջելով հանել իրենց ահաբեկչությունը հովանավորող պետությունների՝ այսպես կոչված «սև ցուցակից»: Հիշեցնենք, որ «սև ցուցակը» կազմվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից, ներկայումս դրանում ընդգրկված են Իրանը, Կուբան, Սուդանն ու Սիրիան: Սակայն Միացյալ Նահանգներից ստացվող պաշտոնական տեղեկատվության համաձայն հիշյալ ցանկից Կուբայի դուրսբերումը, որում վերջինս ընդգրկված է 1982 թվականից, այնքան էլ արագ գործընթաց չէ և կարող է ձգվել մինչև հունիս: Այնուամենայնիվ, Սպիտակ տան աղբյուրների փոխանցմամբ՝ գործընթացն արդեն մեկնարկել է:

Հիշեցնենք, որ դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի և Կուբայի միջև խզվել են 1961 թվականից, երբ Կուբայում սոցիալիստական հեղափոխությունից հետո  իշխանություններն ազգայնացրեցին կղզում գտնվող ամերիկյան ողջ սեփականությունը: Հարաբերությունները վերականգնելու քայլ արվեց արդեն 2014-ի դեկտեմբերին, երբ երկկողմ գաղտնի բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Հավանայի նկատմամբ իրականացվող ԱՄՆ նախկին քաղաքականությունն այլևս չի աշխատում և որ ժամանակն է կարգավորել հարաբերությունները Կուբայի հետ:

ԱՄՆ-Կուբա հարաբերությունների վերականգմանն ուղղված բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 21-22-ին Հավանայում: Բանակցությունների երկրորդ փուլը, որ կլինի, ըստ ամենայնի, այս ամիս կամ մարտի սկզբին, տեղի կունենա արդեն Վաշինգտոնում:


© armedia.am