Ուկրաինական հակամարտության կարգավորման նոր փորձեր

17:51     6 փետրվարի, 2015

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը Կիևում Պորոշենկոյի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ երեկ  քննարկել են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորման «միանգամայն նոր առաջարկներ»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չայնին «1+1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: Նա նշել է, որ հանդիպման համար հիմք են հանդիսացել միանգամայն նոր առաջարկններ, որոնք համապատասխանում են Մինսկի համաձայնագրի ոգուն: «Կիևը հույս ունի, որ դրանք կընդունվեն նաև Կրեմլում»,-ավելացրել է պաշտոնյան` ասելով, որ «Պուտինի առաջարկած որևէ փաստաթուղթ հիմք չի հանդիսացել այս բանակցությունների համար»: Սակայն նշենք, որ գերմանական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Օլանդի և Մերկելի այս նախաձեռնությունը Պուտինի կողմից արված գաղտնի առաջարկի պատասխանն է: Wall Street Journal-ը գրում է, որ Պուտինը առաջարկել էր ընդլայնել ապստամբներին տրվող ինքնավարությունը:

Վերադառնալով կողմերի միջև Կիևում մոտ 5 ժամ տևած գաղտնի բանակցություններին` ավելացնենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ ասվում է, «Երեք առաջնորդները հակամարտության կողմերին կրակի անհապաղ դադարեցնելու, ինչպես նաև օտարերկյա զինված ուժերը դուրս հանելու, ծանր տեխնիկան և զենքը հետ քաշելու, սահմանը փակելու և բոլոր գերիներին ազատ արձակելու կոչեր են արել»:

Կողմերը քննարկել են նաև նորմանդական քառյակի ձևաչափով հանդիպումների վերսկսման հարցը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր մեկնել են Մոսկվա` ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Պուտինի հետ բանացություններ վարելու համար:

Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի համահիմնադիր Դոմինիկ Մաուզիի կարծիքով Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների անսպասելի նախաձեռնությունը պատժամիջոցների քաղաքականության փակուղի մտնելու նշան է:

Հիշեցնենք, որ երեկ Պորոշենկոյի հետ հանդիպում էր ունեցել նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Վերջինս հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հակամարտության դիվանագիտական կարգավորման կողմնակից է, սակայն չի կարող «աչք փակել Ռուսաստանի կողմից ապստամբներին ցուցաբերվող ռազմական օգնության վրա»: Նշենք նաև, որ Քերրին Ուկրաինային հումանիտար օգնության նպատակով ավելի քան 16մլն դոլար է խոստացել:


© armedia.am