ԵԱՀԿ գործող նախագահն ու ՄԽ համանախագահները կոչ են արել խաղաղ բնակիչներին չդարձնել թիրախ

23:39     7 փետրվարի, 2015

ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի արտգործնախարար  Իվիցա Դաչիչը փետրվարի 7-ին հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկը, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

«Բոլորս համաձայն ենք այն բանի հետ, որ շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական իրադրությունը վատթարանում է, ինչը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և վտանգում խաղաղ բնակիչների կյանքը»,- ասված է հանդիպման մասնակիցների հայտարարության մեջ:

Դեսպան Կասպրշչիկի դիտարկման արդյունքներով կազմված զեկույցի համաձայն, 2015 թվականի հունվարին 12 զոհ և 18 վիրավոր է եղել, ինչը հաստատված դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է 1994 թվականին հրադադարի մասին համաձայնագրի կնքումից ի վեր: «2014 թվականից հետո, երբ 60 մարդ զոհվեց, մենք անհանգստացած ենք, որ այդ միտումը շարունակվում է: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերը պետք է դադարեցնեն ուժային մեթոդներ կիրառելը»,- ասված է հայտարարությունում:

Հանդիպման մասնակիցները կողմերին կոչ են արել դադարեցնել ներթափանցումները, թիրախ չդարձնել գյուղերն ու խաղաղ բնակիչներին, դադարեցնել պատասխան գործողությունների սպառնալիքը և անհամաչափ ուժի կիրառումը, ինչպես նաև լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու ուղղությամբ:

«Մենք անընդունելի ենք համարում այն, որ ԵԱՀԿ դիտորդների դիտարկումների ժամանակ ամբողջությամբ չեն պահպանվում անվտանգության երաշխիքները: Բացի այդ, մենք հաստատում ենք համատեղ հայտարարությունը, որով հանդես են եկել համանախագահ երկրների պետությունների ղեկավարները Բազելում կայացած Նախարարների խորհրդին, որը կողմերին կոչ է անում կարգավորել մարդասիրական խնդիրները, այդ թվում զոհվածների դիերի և բանտարկյալների վերադարձը՝ 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում ընդունված հայտարարության ոգով»:

Ըստ փաստաթղթի, Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի լիատակար աջակցությամբ, պատրաստ են բանակցությունների ինտենսիվ գործընթաց նախաձեռնել, ինչը կարող է վերջ դնել հակամարտությանը, որը բավականին երկար ժամանակ վախի մթնոլորտում է պահում տարածաշրջանը: «Մենք կողմերին կոչ ենք անում քաղաքական կամք դրսևորել՝ անմիջապես և առանց արդարացումների այդ գործընթացը սկսելու համար»,- ասված է հայտարարությունում:


© armedia.am