Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» վահաբիստական շարժումը ծնել է ԱՄՆ-ը, որը Արևմուտքի` իսլամի դեմ ծածուկ պայքարի մասն է, հաղորդում է pravda.ru-ն:
«Զեկույցները վկայում են, որ ԻԼԻՊ-ի գործողությունները նաև իսլամը ներսից պայթեցնելու նպատակ են հետապնդում, ստիպում, որ աշխարհն իսլամից երես թեքի: Նրանց դաժանությունը, մահապատիժները, մարդկանց գլուխ կտրելը, խարույկի վրա այրելը հանդիսանում են այն բանի շարունակությունը, ինչ անում էին աստվածապաշտ խալիֆների և մարգարեի թոռանը սպանողները», - ասել է Կադիրովը:
Այս շաբաթվա մեջ սա արդեն Կադիրովի կողմից արված երկրորդ քննադատությունն է ԱՄՆ-ի հասցեին: Փետրվարի 3-ին Չեչնիայի ղեկավարը հայտարարել էր, թե չեչեն դաշտային հրամանատար Իսա Մունաևի մահվան հետևում կանգնած է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը: Մունաևը կռվում էր Դոնբասում ուկրաինական ուժայինների կողմում: Կադիրովը պնդում է, որ Իսային սպանել են հատուկ ծառայությունները, երբ հասկացան, որ նա «իսկի արժեզրկված գրիվնա էլ չարժե»:
Չեչնիայի ղեկավարն ամեն բան անում է` իր հանրապետությունում իսլամական ծայրահեղականություն թույլ չտալու համար: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին այնտեղ միլիոնանոց ակցիա տեղի ունեցավ Charlie Hebdo-ի ծաղրանկարների կապակցությամբ: Կադիրովի կարծիքով, այդ ծաղրանկարները ոչ թե խոսքի ազատության դրսևորում են, այլ մուսուլմաններին նպատակաուղղված վիրավորելու քայլ: Մեկ այլ վտանգավոր սադրանք էլ կատարեց Միխայիլ Խոդորկովսկին, ով Շվայցարիայից կոչ արեց ռուսական լրատվամիջոցներին վերատպել այդ ծաղրանկարները:
«Ռուսաստանի քաղաքացիներին, հատկապես մուսուլմաններին, ցանկանում են օգտագործել մեր լիբերալները: Նրանք աշխատում են օգտագործել մուսուլմաններին պետության ղեկավարության դեմ, ՌԴ ժողովրդի դեմ: Ոչ մի դեպքում մենք թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն: Մենք այս երկրի արժանի քաղաքացիրներն ենք»- հայտարարել է Չեչնիայի ղեկավարը: