Եգիպտոս իր այցի նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գրավոր հարցազրույց է տվել եգիպտական «Ալ-Ահրամ» օրաթերթին, որտեղ, մասնավորապես, ներկայացրել է իր տեսակետները Ուկրաինայում, Սիրիայում և Իրաքում ճգնաժամերի վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ուկրաինական ճգնաժամը Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից ամենուր սեփական կամքը թելադրելու հետևանք է, հայտարարել է ՌԴ նախագահը: «Ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի մեղքով չի առաջացել: Այն ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից, որոնք «սառը պատերազմում «իրենց «հաղթող» են համարում, ամենուր սեփական կամքը թելադրելու հետևանք է… Մենք նրանց բազմիցս զգուշացրել ենք Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու վնասակար հետևանքների մասին: Սակայն մեր կարծիքը հաշվի չառնվեց», - հայտարարել է Պուտինը և հիշեցրել, որ 2014թ. փետրվարին ԱՄՆ-ը և մի շարք ԵՄ պետություններ հավանություն տվեցին Կիևում պետական հեղաշրջմանը:
ՌԴ նախագահը գտնում է, որ ուկրաինական ճգնաժամից կարելի է դուրս գալ միայն Ուկրաինայի հարավ-արևելքում պատժիչ գործողության անհապաղ դադարեցմամբ: Ճգնաժամի կարգավորումը պետք է վարել Մինսկյան պայմանավորվածությունների հիման վրա: Իսկ Մոսկվան էլ պատրաստ է աջակցել Կիևի ու Դոնբասի միջև ուղիղ կապ հաստատելու հարցում: Ուկրաինացիները պետք է իրենք պայմանավորվեն իրար մեջ, հասարակությունը պետք է համախմբվի Ուկրաինայի դրական արժեքների և իրական շահերի շուրջ: Երկրի տնտեսությունը ցավալի վիճակում է, մինչդեռ գնում է Կիևի սրընթաց ռազմականացում: Վիճակագրական տվյալների համաձայն, 2014-ին Ուկրաինայի ռազմական բյուջեն ավելացել է համարյա 41%-ով:
Ինչ վերաբերում է Սիրիայում և Իրաքում դեպքերին, ապա դա, Պուտինի խոսքերով, տարածաշրջանի գործերին կոպիտ ու անպատասխանատու արտաքին միջամտության և երկակի ստանդարտների կիրառման արդյունք է: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջազգային կոալիցիայի գործողությունները սպառնալիքի մասշտաբին չեն համապատասխանում, և միայն օդային հարվածներով ԻՊ-ին չես հաղթահարի: Բացի այդ, առանց ՄԱԿ-ի ԱԽ ուղիղ թույլտվության նման գործողություններն անօրինական են, ընդգծել է նախագահ Պուտինը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարում համաշխարհային հանրության ջանքերի միավորման կողմ միջազգային իրավունքի, բոլոր պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: