Վրաստանի կառավարությունը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, որոնք ուղղված կլինեն դեպի հստակ արդյունք: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Անվտանգության մյունխենյան 51-րդ համաժողովին:
«Մենք բաց ենք ցանկացած տիպի դիսկուսիաների և բանակցությունների համար: Մենք արմատապես փոխել ենք մեր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում և պատրաստակամություն ենք հայտնել բարձր մակարդակի բանակցությունների հետ կապված: Մենք նաև հստակ հայտարարել ենք, որ նման հանդիպումը պետք է նախապատրաստել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպման Վրաստանի նոր առաջնորդների հետ: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Վրաստանը պատրաստ է հանդիպման, սակայն դրա համար անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք և բնականաբար այն պետք է նպատակաուղղված լինի դեպի արդյունք: Ավելացնեմ նաև, որ այսօր մենք տեսնում ենք կամքի պակաս»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլին հերթական անգամ նշել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ապագան կարող է լինել բացառապես Վրաստանի հետ՝ մտահոգություն հայտնելով Ռուսաստանի և նրանց միջև կնքված դաշնակցային պայմանագրերի հետ կապված:
Անվտանգության հարցերով մյունխենյան 51-րդ համաժողովը մեկնարկել է փետրվարի 6-ին: Խորհրդաժողովի հիմնական թեմաներն են ահաբեկչության դեմ պայքարը, Ուկրաինական ճգնաժամը և նրա ազդեցությունը եվրապական անվտանգության համակարգի վրա, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում: Խորհրդաժողովը կտևի երեք օր՝ փետրվարի 6-ից 8-ը: