Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «նորմանդական քառյակի» առաջնորդների միջև բանակցությունները տեղի կունենան փետրվարի 11-ին Մինսկում: Այս մասին երեկ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելոռուսի իր գործընկերոջ հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ:
Պուտինը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդների հետ ունեցած հեռախոսային բանակցությունների արդյունքում: Նա նաև նշել է, որ հանդիպումը հնարավոր կլինի միայն մի շարք հարցերի նախնական համաձայնեցման դեպքում:
Le Figaro-ն, անդրադառնալով բանացությունների ներկայիս փուլին, գրում է, որ այժմ բանակցությունների հիմնական առարկան ոչ թե Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման, այլ խաղաղապահ ուժերի կազմի և ծանր տեխնիկայի ու զինատեսակների հետքաշման հարցերն են:
Թերթը նշում է, որ Դոնբասսի սահմաննների որոշման հարցը ևս լուրջ տարաձայնություններ է առաջացնում կողմերի մեջ, քանի որ Մինսկի համաձայնագրով հաստատված սահմանները ռազմական գործողությունների հետևանքով ներկայումս ընդլայնվել են:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման նոր առաջարկով հանդես էին ելել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Վերջիններս փետրվարի 5-ին և 6-ին այն քննարկել են համապատասխանաբար Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հետ: Նոր առաջարկի որոշ մանրամասներ լրատվամիջցներին հայտնել է Ֆրանսիայի նախագահը: Մասնավորապես նա նշել է, որ նախատեսվում է Դոնբասսում ստեղծել ապառազմականացված գոտի: