Թուրքիան հրաժարվում է դադարեցնել աջակցությունը Մուսուլման եղբայրներին

10:57     10 փետրվարի, 2015

Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Մուսուլման եղբայրների նկատմամբ քաղաքական արգելքի վերացման և Եգիպտոսում ժողովրդավարության հաստատման դեպքում: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը Al Monitor-ին տված հարցազրույցի ժամանակ:

Պաշտոնյան, անդրադառնալով  Թուրքիայում հեռարձակվող Մուսուլման եղբայրների հեռուստաալիքների նկատմամբ  պաշտոնական Կահիրեի դժգոհությանը, նշել է, որ Թուրքիայում ինչպես երկրի քաղաքացիներն, այնպես էլ բնակության իրավունք ստացած ցանկացած անձ խոսքի ազատության իրավունք ունի: Նշենք, որ Ստամբուլից հեռարձակվող Rabia, Misr al An, Al Sharq և Mukemmelin հեռուստաալիքներից պարբերաբար հնչեցվում են Եգիպտոսում հակակառավարական ցույցերի կոչեր, երկրում գտնվող օտարերկրացիների և դիվանագիտական առաքելությունների նկատմամբ սպառնալիքներ: Թուրքիայի արտգործնախարարը  այս կապակցությամբ ասել է, որ ինքը իրավասու չէ դադարեցնել հեռուստաալիքների հեռաձակումը, սակայն պատրաստ է ուսումնասիրել դրանց հետ կապված ցանկացած դժգոհություն:

Թուրք-եգիպտական հարաբերություններում լարվածությունը մեծացավ հատկապես 2014թ դեկտեմբերից, երբ Ստամբուլում կայացած Մուսուլման եղբայրների և Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորների հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով եգիպտական վարչակազմի որոշումներն անվավեր էին հայտարարվել: 


© armedia.am