-Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում ելույթով է հանդես եկել նաև հարևան երկրի նախագահ Ի. Ալիևը: Կա՞ն արդյոք նոր շեշտադրումներ Ադրբեջանի նախագահի հայտարարություններում:
Ալիևի ելույթը և հատկապես դրան հաջորդած հարց ու պատասխանը, որը բնականաբար ծավալվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես և միշտ ողողված էին փաստերի ստահոդ մեկնաբանություններով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում արցախցիների ինքնորոշման անհրաժեշտության մասին հայտնի թեզի բարձրաձայնմամբ: Սակայն երկու ուշագրավ հանգամանք կարելի է առանձնացնել Ալիևի խոսքում: Նախ, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և ծավալվող ռազմական գործողությունների մասին, Ադրբեջանի նախագահը որևէ կերպ չի էլ խուսափում ագրեսիան հրահրելու պատասխանատվությունն ի լուր աշխարհի ստանձնելուց: Այսինքն` կառուցողական երևալու, բանակցային գործընթացի և ընդհանրապես միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ որևէ հարգանք ցուցաբերելու ջանք անգամ չի գործադրվում: Սա բացահայտ մարտահրավեր է` ուղղված բանակցային գործընթացին և կոնկրետ Մինսկի խմբի համանախագահներին:
Բայց Ալիևն այս անգամ ավելի հեռուն է գնում. Ադրբեջանի նախագահը բացահայտ շանտաժ է հնչեցնում Մինսկի խմբի համանախագահներից մեկի` Ռուսաստանի նկատմամբ: Ալիևը բառացիորեն ասում է հետևյալը, մեջբերում եմ. «Ռուսաստանը, ինչպես և յուրաքանչյուր երկիր, պետք է շահագրգռված լինի իր սահմաններից դուրս խաղաղության և բարեկամության մթնոլորտի առկայությամբ»: (Հայտնի է, թե Ադրբեջանը Հայաստանին և Արցախին խաղաղության ինչ պայմաններ է առաջարկում): Շարունակությունն առավել ուշագրավ է. «Հարևանը (Ռուսաստանը) պետք է շահագրգռված լինի կայունության մեջ, քանի որ կայունությունը շրջակայքում կայունություն է ձեր երկրում և ձեր տարածաշրջանում: …Ռուսաստանում բազմաթիվ ինքնավարություններ կան, և Ադրբեջանի ու ՌԴ-ի կովկասյան հանրապետությունների միջև մշակութային ամուր կապեր են առկա:» Ալիևի այս խոսքերը ոչ այլ ինչ են, քան անհրաժեշտության կամ ցանկության դեպքում Բաքվի ռեսուրսներով Ռուսաստանի հարավում իրավիճակն ապակայունացնելու բացահայտ շանտաժ:
-Իսկ ի՞նչը կարող է նպաստել իրավիճակի լիցքաթափմանը և լարվածության այս ալիքի թուլացմանը:
-Որքան էլ ցավալի հնչի, բայց փորձը ցույց է տվել, որ մեր հարևաններին զսպելու միակ գործուն միջոցը սեփական ուժի ցուցադրումն է, ինչին և ուղղված են մեր և ԼՂՀ զինված ուժերի ջանքերը: Սակայն մյուս կողմից, ինչպես հայտնի է, ակնկալվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան, այդ թվում` ԼՂՀ: Առկա իրավիճակը փորձաքար է միջնորդների համար, եթե բոլոր համանախագահներն իրապես շահագրգիռ են ռազմական գործողությունների հետագա ընթացքը կանխելու հարցում, նրանք հանդես կգան համախմբված: Երեք համանախագահները միասին, կարծում եմ, ունեն բավարար լծակներ, ցանկության դեպքում Ադրբեջանին կարգի հրավիրելու համար: