«Նորմանդական քառյակի» հանդիպումից առաջ Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

11:10     11 փետրվարի, 2015

Վեցամսյա ընդմիջումից հետո երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբամայի միջև, զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի առարկան ուկրաինական ճգնաժամը և այն դիվանագիտական միջոցներով հաղթահարելու անհրաժեշտությունն է եղել: ՌԴ նախագահը մասնավորապես շեշտադրումը կատարել է ճգնաժամը հաղթահարելու իր առաջարկած ծրագրի վրա:

ՌԴ նախագահն ընդգծել է  քաղաքական ճանապարհով ճգնաժամը հաղթահարելու, արյունահեղությունն օր առաջ դադարեցնելու, առանց բացառության Ուկրաինայի բոլոր մարզերի բնակիչների իրավունքներն ապահովելու անհրաժեշտությունը: Տեսակետները մոտեցնելու նպատակով ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով:   

Միաժամանակ ամերիկյան կողմի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը մասնավորապես նշել է. «Եթե ռուսական կողմը շարունակի իր ագրեսիվ գործողություններն Ուկրաինայում, այդ թվում զինված ջոկատներ, զենք ուղարկել և անջատողականներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, Ռուսաստանի համար այդ ամենի գինը կբարձրանա»: Հիշեցնենք, մեկ օր առաջ Օբաման հայտարարել էր, թե դեռևս չի վճռել` արդյոք պետք է մահացու զինատեսակներ ուղարկել Ուկրաինա և կողմնակից է  դիվանագիտական ուղիներով ճգնաժամի հաղթահարելուն:

Այսօր երեկոյան Բեռալուսի մայրաքաղաք Մինսկում նախանշված է «նորմանդական քառյակի» ` ՌԴ, Գերամիա, Ֆրանսիա, Ուկրաինա, առաջնորդների հանդիպումը: Մինչ այդ երեկվանից գրեթե 24-ժամյա ռեժիմով դռնփակ աշխատում են փորձագետներն, ովքեր պատրաստում են ընդհանուր փաստաթղթի նախագիծ, որը կարող է ընդունվել առաջնորդների կողմից:   Փաստաթղթի բովանդակությունը գաղտնի է պահվում, սակայն միաժամանակ բանակցությունների ընթացքին ծանոթ դիվանագիտական աղբյուրներից մեկը РИА Новости գործակալությանը հայտնել է, որ ընդհանուր փաստաթուղթ հազիվ թե ստորագրվի, ամենայն հավանականությամբ  առաջնորդները հանդես կգան միայն ընդհանուր հայտարարությամբ:  


© armedia.am