Հաշվի առնելով վերջին շրջանում սահմանային լարվածության աննախադեպ աճը, ինչպես նաև «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի պահպանումն արդեն ավելի քան 20 տարի, հասարակական շրջանակներում առավել ակտուալ են դառնում քննարկումները ՀՀ անվտանգության ապահովման երաշխիքների շուրջ: Այս համատեքստում, բացի ՀՀ զինված ուժերից, թերևս առաջին պլան են մղվում հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ անդամակցությունը: Եթե հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի և «ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի մասին» համաձայնագրի վերաբերյալ խոսվել է բազմիցս, ապա ՀԱՊԿ ներքին կառուցվածքի, ընթացակարգերի և անդամ երկրների պարտավորությունների վերաբերյալ պատկերն այդքան էլ հստակ չէ:
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը (Պայմանագիր) ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը ստորագրող պետություններից է նաև Հայաստանի Հանրապետությունը:
Կազմակերպությանն անդամակցում են. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը:
Պայմանագրի համաձայն՝ մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վերացնում են իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը:
Պայմանագրի հիմնարար դրույթը սահմանվում է 4-րդ հոդվածով, համաձայն որի՝ մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաև ռազմական, ինչպես նաև ցուցաբերում օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով:
1999թ.-ին Հայաստանը ստորագրեց նաև Պայմանագրի երկարաձգման մասին Արձանագրությունը:
2002թ.-ին Պայմանագիրը փոխակերպվեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (Կազմակերպություն), որի գործունեության հիմնական հարթություններն են անդամ պետությունների արտաքին քաղաքականության համադրումը, ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը և ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայումը:
ՀԱՊԿ մարմիններն են Հավաքական անվտանգության խորհուրդը (պետությունների ղեկավարների ձևաչափ), ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդը, ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովը:
Կազմակերպության վերածվելուց ի վեր շարունակաբար կատարելագործվել է կառույցի` անդամ պետությունների հավաքական անվտանգության և պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական բազան, մշակվել և ստորագրվել են Կազմակերպության գործունեության երեք հիմնական հարթություններում արդյունավետ համագործակցությունն ապահովող փաստաթղթեր:
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը ՀՀ անվտանգության ապահովման համակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է:
Այդ կապակցությամբ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում` առաջին հերթին Հայաստանի հանդեպ հնարավոր ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում Պայմանագրի 4-րդ հոդվածից բխող անդամ պետությունների պարտավորությունների, այն է` հավաքական պաշտպանության սկզբունքի իրագործումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ՀՀ համար կենսական նշանակություն ունեցող միջազգային կազմակերպությունների օրակարգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների օժանդակությունը ստանալու նպատակով:
Կազմակերպության հավաքական ուժերի և միջոցների` անդամ պետությունների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պատրաստությունը ստուգելու նպատակով, պարբերական հիմքով անցկացվում են համապատասխան զորավարժություններ:
Անդամ պետությունների համագործակցությունը սահմանող փաստաթղթերն ընդունվում են Կազմակերպության գերագույն մարմնի` Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) կողմից:
2008 թ. սեպտեմբերից 2009 թ. հունիս ՀԱՊԿ-ում նախագահել է Հայաստանի Հանրապետությունը:
2009թ. փետրվարի 4-ին Հայաստանի նախագահության ներքո Մոսկվայում գումարված ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նստաշրջանում որոշում կայացվեց` Կազմակերպության շրջանակներում օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր (ՕԱՀՈՒ) ստեղծելու վերաբերյալ, որոնց նպատակը կլինի` անդամ պետությունների հանդեպ ռազմական ագրեսիայի կասեցումը, միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ գործողությունների անցկացումը, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:
ՀԱՊԿ-ի ՕԱՀՈՒ-ի կազմում ընդգրկելու նպատակով անդամ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի զինված ուժերի և հատուկ նշանակության ուժերի կազմից հատկացվել են զինվորական միավորումներ և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ:
Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմը, տեղակայման ժամկետները և կիրառումը որոշվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից՝ անդամ երկրներից որևէ մեկի կամ մի քանիսի դիմումի հիման վրա՝ կոնսենսուսի հիման վրա (Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին պայմանագիր, հոդվ. 4): Ըստ ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ինքնապաշտպանական իրավունքի իրացման մասին որոշում կայացնելու դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդն այդ մասին անհապաղ պետք է տեղեկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի կողմից Զինվորական միավորումներ են հատկացվել նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկելու նպատակով:
2012 թվականի հունիսի 28-ին պաշտոնական Տաշքենդը դիմեց ՀԱՊԿ-ին տեղեկացնելով, որ դադարեցնում է իր անդամակցությունը կազմակերպությանը (արդեն երկրորդ անգամ՝ 1999 թ.-ի կասեցումից հետո):
2013 թ.-ին Երևանում ՀԱՊԿ քարտուղարության և Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև կնքվեց ՀԱՊԿ Ակադեմիայի ֆոնդ ստեղծելու վերաբերյալ հուշագիր:
2014 թվականին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին անդամ երկրների նախագահները որոշում կայացրին ՀՕՊ համակարգերի ինտեգրման և ՀԱՊԿ միացյալ ավիացիոն ուժերի ստեղծման վերաբերյալ: 2014 թվականի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն ու դիտորդները մասնակցել են ՀԱՊԿ «Ռուբեժ», «Փոխգործակցություն» ու «Անքակտելի եղբայրություն» զորավարժություններին:
Վերջին շրջանում ակտիվ քննարկումների փուլ է մտել կազմակերպության հետագա զարգացման ուղենիշների, առաջնահերթությունների խնդիրը: Որպես ՀԱՊԿ ռազմավարական առաջնահերթություններ առաջարկվում են՝
Թերևս փորձեցինք ամփոփ ներկայացնել ՀԱՊԿ կառուցվածքը, նրա ձևավորումը, զարգացումը և հիմնական առաջնահերթությունները մոտ ապագայի համար: Փորձելով անդրադառնալ նաև շրջանառվող այն հարցադրումներին՝ արդյոք ՀԱՊԿ-ը օգնության կհասնի Հայաստանին նոր զինված հակամարտության դեպքում, նախևառաջ պետք է նշել, որ նման պաթետիկ հարցադրումն առանց աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելու, ոչ այդքան կոռեկտ է, հատկապես այժմ, երբ քաղաքական գործընթացները զարգանում են աննախադեպ արագությամբ: Բացի այդ՝ ՀԱՊԿ-ը չպետք է ասոցացնել միայն ռազմական օգնության հետ: ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանը մյուս անդամ երկրների հետ գտնվում է բավական սերտ ռազմարդյունաբերական համագործակցության մեջ՝ զգալի արտոնյալ պայմաններով: Մյուս կողմից՝ պարբերաբար անցկացվող զորավարժությունները զգալի նշանակություն ունեն զինված ուժերի մարտունակության բարձրացման և ռազմական փորձի կատարելագործման տեսանկյունից: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ներկայումս կառույցի ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ ևս քննարկումներ են ընթանում, ինչի մասին է փաստում նաև փետրվարի սկզբին կառույցի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Ինչ վերաբերում է անդամ ՀԱՊԿ օգնությանը հնարավոր ռիսկային իրավիճակների դեպքում, ապա պետք է ընդգծել, որ փոխօգնության սկզբունքը տվյալ կառույցի հիմնասյուներից մեկն է, և տվյալ մեխանիզմի խտրական կիրառումն արդեն իսկ կասկածի տակ կդնի նրա գոյությունը: