Հունաստանը կարող է ֆինանսական օգնություն խնդրել ԱՄՆ-ից, Ռուսաստանից կամ Չինաստանից

13:29     11 փետրվարի, 2015

Հունաստանի Պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտարարել է, որ Հունաստանը կարող է ֆինանսական աջակցություն խնդրել ԱՄՆ-ից, Ռուսաստանից կամ Չինաստանից այն դեպքում, եթե չհաջողվի ԵՄ-ի հետ համաձայնության գալ Հունաստանի պետական պարտքի վերակազմակերպման շուրջ:

Այսօր Բրյուսելում կայանալու է եվրոգոտու երկրների ֆինանսաների նախարարների հանդիպումը, որի ընթաքում քննարկվելու է Հունաստանի 240 մլրդ եվրո կազմող պարտքի վճարման նոր պայմանագրի հարցը:

Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ եթե Գերմանիան ճկունություն չցուցաբերի, Հունաստանը ստիպված կլինի դիմել այլընտրանքային քայլերի: Մասնավորապես՝ օգնություն խնդրել ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից: “Լավագույն դեպքում դա կլինեն Միացյալ Նահանգները, սակայն կարող է լինել նաև Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ”,-ասել է Կամմենոսը:

Հունաստանի պետական պարտքը գերազանցում է 320 մլրդ եվրոն, երկրի ՀՆԱ-ի՝ 174 %-ը: Գործող աջակցության ծրագիրն ավարտվում է փետրվարի 28-ին, և հունական կառավարությունը հույս ունի կնքել անցումային պայմանագիր, որը հնարավորություն կտա բանակցություններ սկսել սեպտմբերի 1-ից պարտքը մարելու վերաբերյալ նոր պայմանագրի շուրջ: 


© armedia.am