Թուրքիան և Ռուսաստանը կարող են անցնել ազգային արժույթներով վճարումների համակարգին: Եվ սա ոչ միայն գազի արդյունաբերության ոլորտում: Օրինակ, թուրքական մեքենաշինության ներկայացուցիչները, ովքեր վերջերս են այցելել Մոսկվա, ասել են, որ պատրաստ են մեքենաշինական գործիքներ մատակարարել Ռուսաստանին: Բայց արդյո՞ք Թուրքիան կարող է լավ գործընկեր լինել Ռուսաստանի համար:
Թուրքիան և Ռուսաստանը կհամագործակցեն՝ ի հեճուկս ՆԱՏՕ-ի
Ռուսաստանի տնտեսական գործընկերների շարքում Թուրքիան 6-րդ տեղն է զբաղեցնում: Թուրքական բիզնես-շրջանակներում հաճախ է բարձրացվում ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Պարզվում է, որ այս գործընթացին չի կարող խանգարել անգամ այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: «ՆԱՏՕ-ի հիմնադիր փաստաթղթերը չեն սահմանափակում նրա անդամների տնտեսական համագործակցությունն այն երկրների հետ, որոնց նկատմամբ առանձին կամ ոլորտային պատժամիջոցներ են սահմանված», - Pravda.ru-ի հետ զրույցում ասել է Իրավաբանների միջազգային ասոցիացիայի անդամ Իգոր Շմիդթը: «ՆԱՏՕ-ի իրավաբանական փաստաթղթերը շատ վաղուց են ձևավորվել, և այն ժամանակ անհնար էր կանխատեսել այնպիսի իրավիճակ, որն այժմ է ձևավորվել աշխարհում: Այսինքն, Թուրքիային ոչ ոք չի կարող հիմնավորված արգելել համագործակցել Ռուսաստանի հետ տնտեսական ոլորտում: ՆԱՏՕ-ի իրավական ակտերում հազվադեպ է փոփոխություններ իրականացվում, և Թուրքիան օգտվում է դրանից», - ասել է Իգոր Շմիդթը:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ որպես գործընկերոջ հուսալիությանը, ապա պետք է նշել, որ այս երկիրը երբեք չի միացել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, այլ ընդհակառակը, առաջարկել է ընդլայնել համագործակցությունը«, - Pravda.Ru-ին տված հարցազրույցում նշել է «Арсенал Отечества» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին:
«Թուրքիան Ռուսաստանի համար չափազանց վստահելի գործընկեր է: Թուրքիան իր սեփական տնտեսական շահերն ունի, որոնք ավելի բարձր է դասում մի շարք քաղաքական հանգամանքներից: Չնայած այն հանգամանքիմ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և ավանդաբար համարվում է արևմտյան դաշինքի ներկայացուցիչ՝ նա իր սեփական խաղն է խաղում՝ ելնելով իր սեփական շահերից», - ասել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի պաշտպանական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Երմակովը:
Հատկանշական է, որ թուրքական գործարարները պատրաստ են ճկունություն դրսևորել գնային քաղաքականության մեջ: Ընդ որում, Ռուսաստանում աշխատող թուրքական ընկերություններն արդեն որոշ չափով իջեցրել են իրենց ապրանքների գները: Բացի այդ, Ռուսաստանի և Թուրքիայի Կենտրոնական բանկերն արդեն հայտարարել են, որ պատրաստվում են անցնել իրենց ազգային արժույթներով վճարումների համակարգին: