ԱՄՆ-ը պատրաստվում է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմական եւ անվտանգության ոլորտներում: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը, փոխանցում է news.am-ը:
Դիվանագետի հավաստմամբ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չպետք է կաշկանդի ոչ հայկական, ոչ էլ՝ ամերիկյան կողմերին երկկողմ համագործակցությունը խորացնելու հարցում:
«ԱՄՆ-ը նախատեսում են խորացնել համագործակցությունը Հայաստանի կառավարության, զինվորականների եւ անվտանգության ծառայությունների հետ՝ գլոբալ վտանգներին ու մարտահրավերներին դիմակայելու հարցում»,- ասել է Էրիկ Ռուբինը՝ հավելելով, որ Հայաստանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանն ընդհանրապես չափազանց մոտ են աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջաններին:
«Մենք միշտ ընդգծել ենք, որ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը կարող են եւ պետք է զարգացնեն ուղղակի երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում, կազմակերպեն երկկողմ վարժանքներ ու փորձի փոխանակում, շարունակեն մասնակցել միասնական խաղաղապահ առաքելությունների», - նշել է դիվանագետը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները եւ Հայաստանը նախատեսում են ոչ միայն խորացնել համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, այլեւ այս շրջանակներում երկկողմ նոր ծրագրեր իրականացնել:
Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական զորքի առկայությանը, Էրիկ Ռուբինն ասել է, որ ԱՄՆ-ին դա չի կաշկանդում: «Մենք ընդունում ենք իրականությունն ու գիտակցում, որ Հայաստանում գոյություն ունի Ռուսաստանյան զգալի ներկայություն, եւ մենք չենք նախատեսում, որ այն կանհետանա, սակայն այդ հանգամանքը մեզ համար խոչընդոտ չի հանդիսանում», - ասել է Ռուբինը՝ հավելելով, որ ռուսաստանյան ռազմական ներկայությունը Հայաստանում երկրի ներկա իրավիճակով պայմանավորված իրականություն է: