Ինչպես երեկ հաղորդել են եվրահանձնակատար Յոհաննես Հանի գրասենյակից, միջազգային դոնորները՝ ներառյալ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, ապրիլին ներդրողների համար նախատեսված հատուկ համաժողովի շրջանակներում կժամանեն Կիև: Համաժողովի նպատակն է հավաքել առնվազն 15 մլրդ դոլլար՝ Ուկրաինայի տնտեսության վերականգնման և երկրի սնանկացման կանխարգելման համար: Այս մասին հաղորդում է Die Welt գործակալությունը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերին: Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական հաշվարկներով հենց այս գումարն է անհրաժեշտ ուկրաինական տնտեսության վերականգնման համար:
Եվրամիության, Արժույթի միջազգային հիմնադրամի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին ներկա կգտնվեն բարձրաստիճան ներկայացուցիչներ մի շարք արևմտյան երկրներից:
Միևնույն ժամանակ Հանը նշել է, որ «դոնորների համաժողով» անվանումն այնքան էլ տեղին չէ, քանի որ խոսքն այստեղ ներդրումների մասին է:
Վերոնշյալ ֆինանսական օգնությունը «Մարշալի պլան» անվանող պաշտոնյաները պնդում են, որ առաջին հերթին ուկրաինական կառավարությունը պետք է իրականացնի բարեփոխումներ և շարունակի կաշառակերության դեմ պայքարը: